Առաջին թատերական ներկայացումը Ալեքսանդրապոլում (Լենինական, Կումայրի,Գյումրի) տեղի է ունեցել 1865թ-ի մայիսի 23-ին, թատերասերների ուժերով, Ա. Մելիք-Հայկազյանի օժանդակությամբ բեմադրվել է Հ. Կարինյանի ‹‹Շուշանիկ››-ը: Նույն թվականին ռուս թատերասերները ներկայացրել են Գոգոլի ‹‹Ռևիզոր››-ը: 1866թ-ից կազմակերպվել է թատերական մասնախումբ: 1879թ-ին առաջին անգամ խաղացվել է Գ. Սունդուկյանի ‹‹Պեպո››-ն: 1888թ-ին իր փոքրիկ խմբով թատերասերների հետ ներկայացումներ է տվել Պետրոս Ադամյանը: Հետագայում հյուրախաղերով հանդես են եկել նաև անվանի շատ դերասաններ: Շեքսպիրյան դրամատուրգիան առաջին անգամ ներկայացրել է Կ. Գալֆայանը (‹‹Համլետ››, 1901թ): 1917-18թթ-ին ներկայացումներ է տվել նաև Հովհաննես  Զարիֆյանը:

 

Սովետական կարգերի հաստատումից հետո թատերական գործը դրվել է կայուն հիմքերի վրա: 1922-28թթ-ին գործել է Ալեքպոլի Քաղլուսվարի դրամատիկական թատրոնը (ղեկավար` Արմեն Արմենյան): 1928թ-ի նոյեմբերի 1-ին, ‹‹Խռովություն›› ներկայացումով նոր թատերաշրջանն է բացում արդեն պետականացված Լենինականի Ա. Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որը հետագայում, թատրոնի 100-ամյակի կապակցությամբ՝ 1965թ. արժանանում է «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանի: Մինչև 1938թ-ը կոչվել է նաև երկրորդ պետթատրոն: Թատրոնի կազմը հիմնականում բաղկացած էր տեղի Քաղլուսվարի թատրոնի և Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայի նորավարտ սաներից` Ա. Արաքսյան, Բ. Գաբրիելյան, Ա. Ռշտունի, Ա. Մկրտումյան, Ս. Սուրենյան, Արծ. Հարությունյան, Ա. Երամյան և ուրիշներ: Ռեժիսորներ`Թ. Սարյան, Վ. Աճեմյան, Նկարիչ` Շերիշև: Շուտով այն համալրվեց նոր ուժերով`Ա. Արմենյան, Լ. Զոհրաբյան, Ց.Ամերիկյան, Ե. Դուրյան-Արմենյան, Ա. Ասրյան, Մ. Գավրոշ, Մ. Հայկասար, Գ. Հարությունյան, Հ. Բադալյան, Կ. Արծրունյան, Ա.Փաշայան, Ժ. Էլոյան, Ա. Բերոյան: Այստեղ աշխատել են նաև` Լ. Երամյանը, Մ. Ջանանը, Ս․ Քոչարյանը, Դ. Մալյանը, Մ.Կոստանյանը: Բեմադրություններ են արել Ռ. Սիմոնովը, Ս. Խաչատրյանը, Լ. Քալանթարը, Ա. Գուլակյանը, Դ. Անտաձեն, Վ.Փափազյանը, Վ. Վաղարշյանը, Ա. Արմենյանը, Տ. Շամիրխանյանը: Թատրոնի ստեղծագործական կյանքում մեծ է Վարդան Աճեմյանի վաստակը: Այդ շրջանում ներկայացումները ժամանակակից ռուս հեղափոխական թատրոնի, մասնավորապես՝ Եվ. Վախթանգովի և Վ. Մեյերհոլդի ոճով էին բեմադրված, իսկ դասական դրամատուրգիան` Մ. Գորկու ‹‹Հատակում››, Շիլլերի ‹‹Սեր և խարդավանք››, Հ. Պարոնյանի ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››, Կ. Գոլդոնի ‹‹Հյուրանոցի տիրուհին›› գտան արդիական սուր մեկնաբանություն: Ժամանակակից կյանքը պատկերող ներկայացումների կողքին երևան եկան պատմա-հայրենասիրական և պատմա-հեղափոխական ինքնուրույն պիեսների բեմադրություններ, որոնք մնացին թատրոնի տարեգրության էջերում: Վ.Աճեմյանի նոր բեմադրությունները ևս Վ.Շեքսպիրի ‹‹Տասներկուերորդ գիշեր››, Սուխովո-Կոբիլինի ‹‹Կրեչինսկու հարսանիքը››, Ն.Զարյանի ‹‹Արա Գեղեցիկ›› (1946թ.), հաստատուն տեղ գրավեցին հայ թատրոնի պատմության մեջ: Թատրոնի ուշագրավ ներկայացումներից են` Է. Ֆաբրիի ‹‹Քեռի Ռուժեի ժառանգությունը›› (ըստ` Բալզակի 1955թ.), Ա. Օստրովսկու ‹‹Անօժիտը›› 1956թ., Վ.Հյուգոյի ‹‹Մարի Թյուդոր››-ը 1962թ. (ներկայացումների ռեժիսոր՝ Գ. Մկրտչյան): Սարտրի ‹‹Անթաղ մեռելներ››-ը 1971թ․, Դոստոևսկու ‹‹Ոճիր և պատիժ››-ը 1973թ, Ժ. Հարությունյանի ‹‹Հարսանիք-73›› 1973թ., (ռեժ.՝ Ե. Ղազանչյան): Բ. Բրեխտի ‹‹Կուրաժ մայրիկը և նրա զավակները››1973թ./ռեժ. Ե. Ղազանչյան, Վ. Քոչարյան/: 1977թ.-ին թատրոնի ստեղծագործական կազմի մեջ են եղել ՀՍՍՀ ժող. արտիստներ` Ա. Արզումանյանը, Ժ. Թովմասյանը, Ա. Ազնաուրյանը, Ն. Բոխյանը, վաստակավոր արտիստներ` Հ. Ղազազյանը, Ռ. Օդաբաշյանը, Ա. Քոչարյանը, Լ. Աբրահամյանը, Ս. Չոլախյանը, Կ. Սարգսյանը, Վ. Թամրազյանը, Լ. Ալիխանյանը, Վ.Հակոբյանը, գլխավոր ռեժիսոր` Գ. Մկրտչյան:

 

Լենինականի թատրոնում են իրենց ստեղծագործական մկրտությունը ստացել ԽՍՀՄ ժող. արտիստներ` Մհեր Մկրտչյանը և Վարդուհի Վարդերեսյանը:

 

Այս ընթացքում թատրոնը համալրվեց երտասարդ կազմով` Ս. Սարգսյան, Ս. Ե. Գրիգորյան, Ա.Փիլիպոսյան, Գ.Մալոյան, Գ.Հովհաննիսյան, Ա.Յանաշյան, Ս. Ղևոնդյան, Ս.Ղուշչյան, Ս.Արղության, Գ.Գրիգորյան, երիտասարդ բեմադրիչ` Գարուշ Հարյանցը, Կապանի թատրոնից տեղափոխվեց Խ. Գրիգորյանը։ Հետագայում Կապանից և Արտաշատից եկան Ս.Բաղդասարյանը և Պ. Սուքիասյանը: Այս շրջանում բեմադրվեցին բազում ներկայացումներ, որոնք իրենց բարձր գեղարվեստական արժեքով մնացին թատրոնի պատմության էջերում: Գ.Մկրտչյանի ‹‹Ռևեիզոր››-ը և ‹‹Տիտոս Անդրոնիկոս››-ը անգնահատելի գոհարներ են, որոնք իրենց ուրույն տեղը գրավեցին հայ թատրոնի տարեգրքում:

1985թ-ին Խ. Աբրահամյանի մուտքով Մռավյանի անվան թատրոնում սկիզբ առավ մի նոր ժամանակաշրջան, որն հիշեցրեց աճեմյանական ոսկեդարը: Մշակելով թատրոնի ուրույն գեղարվեստական ծրագիրը` Խորեն Աբրահամյանը առաջնությունը տվեց ազգային ժամանակակից թատերգությանը` խաղացանկ բերելով Պ. Զեյթունցյանի ‹‹Անավարտ մենախոսություն››-ը, Ա.Քալանթարյանի ‹‹Իրական պատմություն››-ը, Ժ. Հարությունյանի ‹‹Քո վերջին հանգրվանը››, Ժ. Անանյանի ‹‹Կառուսել›› պիեսները: Երեք տարվա ընթացքում բեմադրվեցին` Է.Շիմի և Գ. Մարկովի ‹‹Այսօրվա նորություններ››, Ա.Պ. Չեխովի ‹‹Արջ››, ‹‹Առաջարկություն››, ‹‹Կարապի երգը›› ոդևիլները, Ռ. Կիպլինգի ‹‹Մաուգլի››, Ռ. Թոմայի ‹‹Ութ սիրագորով կանայք››, Պ. Ջակոմետիի ‹‹Ոճրագործի ընտանիքը››, Ն.Դումբաձեի ‹‹Մեղադրական եզրակացություն›› ստեղծագործությունները: Սրանցից մի քանիսը դարձան իսկապես գլուխգործոցներ, թատրոնի ստեղծագործական կյանքին հաղորդելով մասշտաբայնություն և ընդգծվածություն:

 

1988թ-ի աղետալի երկրաշարժից հետո, երիտասարդ բեմադրիչ Հ.Ղազանչյանը արդեն վերանվանված Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը ղեկավարեց 1989-1994թթ-ին` ամբողջապես կազմավորելով թատերախումբը, ստեղծելով նոր խաղացանկ: Հ. Ղազանչյանի գործունեության շրջանում բեմադրվեցին` Շեքսպիրի ‹‹Սիրո ապարդյուն ճիգեր››-ը, Դ. Դեմիրճյանի ‹‹Քաջ Նազար››-ը, Սոփոկլեսի ‹‹Անտիգոնե‹››, Յուջին օ’Նիլի ‹‹Սերը ծփիների տակ››, Ժ. Հարությունյանի ‹‹Մեր այս տարիքում››, Ա. Կասոնայի ‹‹Երրորդ գլուխ››, Ռ.Քոչարյանի ‹‹Ֆայտոն Ալեք››, Լ. Շանթի ‹‹Շղթայվածը›› պիեսները, Հ.Ղազանչյանի հրավերով բեմադրություններ արեցին՝ Ե.Ղազանչյանը (Ժ. Անանյանի ‹‹Թռչող ափսեից իջած մարդը››), Մ. Գրիգորյանը (Լ. Շանթի ‹‹Ինկած բերդի իշխանուհին››, (սա իսկապես ստեղծագործական խիզախում դարձավ թատրոնի համար` մասնավորաբար ամբողջացնելով դերասաններ՝ Ս.Ե.Գրիգորյանի և Ռ. Թովմասյանի ստեղծագործական նկարագրերը): Լ. Թուխիկյանը իր իսկ հեղինակած ‹‹Կանաչ ստվեր››, Վ.Ստեփանյանը` ‹‹Տերն ու ծառան›› ըստ՝ Հ. Թումանյանի համանուն հեքիաթի, Ա. Առաքելյանը` ‹‹Ոսկի քաղաքը›› ըստ` Հ.Թումանյանի պիեսները: Հ. Ղազանչյանի ջանքերով բացվեց Երևանի թատերական ինստիտուտի կուրս-մասնաճյուղը, որում ընդգրկվեցին թատրոնի երիտասարդ դերասաններ Հ.Հովհաննիսյանը, Ա.Հակոբյանը, Ա. Կիրակոսյանը, Գ.Խաչատրյանը, Ս.Գրիգորյանը, Լ.Թադևոսյանը, Կ. Խաչատրյանը, Ա. Բադալյանը, Լ. Մինասյանը:

 

1994-1998թթ-ին Վ. Աճեմյանի անվան թատրոնը ղեկավարեց կինոբեմադրիչ ՀՀ ժող. արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր` Ալբերտ Մկրտչյանը: Մոտ չորս տարի տևած իր գործունեության ընթացքում բեմադրեց չորս ներկայացում` Կ. Գոլդոնիի ‹‹Երկու տիրոջ ծառան››, Ա. Մկրտչյանի և Ռ. Քոչարյանի ‹‹Հավատք››-ը, Առբուզովի ‹‹Իրկուտսկյան պատմություն››, իր իսկ հեղինակած ‹‹Ավերված քաղաքի ակորդ››-ը, (որը հետագայում դարձավ ‹‹Ուրախ ավտոբուս›› ֆիլմի հիմքը) որոնք իսկապես դարձան գեղարվեստական լուրջ ձեռքբերումներ:

 

2000-2003թթ-ին թատրոնը ղեկավարեց ՀՀ վաստակավոր արտիստ Ա. Գամջյանը, որի օրոք ստեղծվեցին Ա. Այվազյանի ‹‹Դիպլիպիտո››, Ա. Պապայանի ‹‹Գնա մեռի արի սիրեմ››, Ռ. Աբրահամյանի ‹‹Գյումրվա տրնգի››, Ս. Բաղդասարյանի ‹‹Գիքոր›› (ըստ՝ Հ.Թումանյանի), Ռազումովսկայայի ‹‹Սիրելի Ելենա Սերգեևնա››, Կոբո Աբեի ‹‹Բարեկամներ›› և մի շարք այլ ներկայացումներ:

 

2004-ից մինչև 2014թ-ը, թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ստանձնեց ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը՝ ազգային ռեժիսուրայի երևելի դեմքերից մեկը։ Նա բարձր պրոֆեսիոնալ մոտեցմամբ թատրոնում վերահաստատեց գեղարվեստական բարձր չափորոշիչներ՝ վերելք մղելով թատրոնի ստեղծագործական ուղին։ Թատրոնի ստեղծագործական կազմը համալրեցին Լ.Հարությունյանը, Տ.Վիրաբյանը, Հ.Վիրաբյանը, Ա.Մութաֆյանը, Հ.Աբաջյանը, Ա.Գալոյանը։ Իր առաջին բեմադրությամբ՝ Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ն․Ծատուրյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Գյումրու դրամատիկականի ստեղծագործական ներուժը արհեստավարժ ռեժիսորի շնորհիվ պատրաստ է ընթանալու ժամանակին համահունչ։ Այս են վկայում այդ շրջանի այն ներկայացումները, որոնք բեմադրեցին Ն.Ծատուրյանը, թատրոնի ու մայրաքաղաքից հրավիրված ռեժիսորները. Ա.Քալանթարյանի «Բումերանգ», Գ.Սունդուկյանի «Փուղի զորութինը» («Խաթաբալա» առաջին տարբերակի և «Բաղնիսի բոխչա» պիեսների համադրությամբ), Ֆ.Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Կ.Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» /ռեժ.՝ Ն.Ծատուրյան/, Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», «Արտիստը». Կլոդ Մանիեի «Օսկար» /ռեժ.Ա.Բաղդասարյան/, Ա.Վամպիլովի «Գավառային անեկդոտներ» /ռեժ.՝ Արա Բաղդասարյան/, Ա.Լինդգրենի «Մանչուկն ու Կարլսոնը», Վ.Փափազյանի «Ժայռ», Չ.Դիկկենսի «Դավիթ Կոոպերֆիլդ», Վ.Այգեկցու «Խելոքներն ու հիմարները» (ռեժ.՝ Հ.Հովհաննիսյան), ՀԹումանյանի «Հե՜յ, ջան, Շաշաստան», Ն.Սանթոյանի «Ինչո՞ւ էսպես չարացանք», Ռ.Մարուխյանի «Մեր հին, բարի բակը», Կ.Մանեի «Փարիզը վտանգավոր քաղաք է» (ռեժ.՝ Լ.Հարությունյան), Վ.Սարոյանի «Մի գնա բարկացած», Կ. Զարյանի «Արա Աստված» (ռեժ.՝ Հ.Ղազարյան)։

2014թ.-ին թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնի նշանակվեց երիտասարդ ու խոստումնալից ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ով թատրոն բերեց գեղարվեստական նոր սկզբունքներ՝ շարունակելով թատրոնի լավագույն ավանդույթները։ Մ.Վեբերի «Առնետները» պիես-զգուշացումով նա հաստատեց, որ թատրոնը գործ ունի թեև երիտասարդ, բայց արդեն կայուն գեղարվեստական հայեցակարգ ունեցող ռեժիսորի հետ։ «Առնետները» ներկայացումը «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ իր վրա սևեռեց մասնագետների ուշադրությունը և արժանացավ կրկնակի «Արտավազդի»՝ «Տարվա լավագույն բեմանկարիչ» (Ս.Վելիկոտնի) և «Տարվա լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

«Առնետներ»-ին հաջորդող ներկայացումը՝ Յ.Գրուշազի «Սեր, ջազ, սատանա» հոգե-բանական դրաման ևս Լ.Հարությունյան ռեժիսորի հաղթանակներից էր։ Նա իր ստեղ-ծագործական ծրագրերի մեջ կարևորեց նաև պատմական ներկայացումների բեմ բարձրանալը, և հենց սրանով էր պայմանավորված, որ թատրոնի խաղացանկում տեղ գրավեց Գ.Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց» պատմական դրաման։ Երկար տարիներ թատրոնի բեմից բացակայում էին պատմական ներկայացումները, սա ևս մեկ քայլ էր վերաիմաստավորելու մեր անցյալը։ Ռեժիսոր Հ.Հովհաննիսյանի բեմադրած «Մեսրոպ Մաշտոց» պատմական դրաման առաջին հերթին բացահայտեց գեղագետ ռեժիսորի ինքնատիպ մոտեցումը պատմական թեմաներին, ով կարողացավ պատմական անցքերը համադրել ներկայի աշխարհաքաղաքական իրավիճակներին՝ 21-րդ դարում ևս խոսելով արդիական ազգային հիմնախնդիրների մասին։ Այս ընթացքում էր, որ բեմ բարձրացավ նաև Վ.Դելմարի «Հիշիր վաղվա օրը» մելոդրաման՝ ռեժիսոր Ռ.Գրիգորյանի բեմադրությամբ։ Ռ.Գրիգորյանը չէր հեռացել ավանդական բեմադրաձևերից, սակայն դրամատուրգիական որոշ միջամտություններ էր կատարել՝ պիեսում ավելացնելով ևս մեկ կերպար։

Հայոց մեծ ողբերգության 100-րդ տարելիցի համատեքստում Գյումրու դրամատիկականն անդրադարձավ Աննա Պետրոսյանի «Արշիլ Գորկի» հոգեբանական դրամային (ռեժիսոր՝ Հ.Հովհաննիսյան)։ Այս բեմադրության մեջ առավել ցայտունորեն շեշտադրված էր հայազգի ամերիկյան մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու՝ եղեռնի սոցիալ-հոգեբանական հետևանքները կրող ինքնատիպ արվեստագետի հակասական կերպարը։

Լ.Հարությունյանը իր նախորդների օրինակով թատրոնի ստեղծագործական կազմը համալրեց երիտասարդ, շնորհալի դերասաններով՝ Ա.Սաղաթելյան, Ա.Միքայելյան, Ս.Ղարիբյան, Ա.Հարությունյան, Ռ.Ասատրյան։ Հիրավի, այս շրջանում Լ.Հարությունյանի ղեկավարման առաջին տարիներին, թատրոնում զգացվում են միտումներ՝ ստեղծագործական կյանքը թարմացնելու և առաջընթացն ապահովելու ուղղությամբ։ Սրա վառ ապացույցներից է թատրոնում Մ.Մկրտչյանի անունը կրող փոքր դահլիճի բացումը, որը խթան կդառնա նորարարական բեմադրությունների, ստեղծագործական որոնումների ու նոր բացահայտումների, որոնք իրենց հերթին կնպաստեն 153-ամյա թատրոնի վերելքին։

Թատրոնն իր առաջընթացն ապահովելու նպատակով, վերջին երեք տարիների ընթացքում անդրադարձավ ոչ միայն  հայ դասական հեղինակների ստեղծագործություններին, այլ նաև երկար տարիների ընդմիջումից հետո բեմ հանեց Վ․Շեքսպիրի ‹‹Լիր արքա›› ողբերգությունը՝ (ռեժ․ Ա․Սահակյան) համալրելով խաղացանկն ու հարստացնելով թատրոնի տարեգրության էջերը։ Ըստ Գ.Բեսի, Նար-Դոսի և Մ.Գալշոյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Երեք կաթիլ բարություն» եռապատումը (ռեժ. Լ.Հարությունյան) և  Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ»  լիրիկական կատակերգությունը (ռեժ. Ա.Բաղդասարյան) հանդիսատեսի կողմից ընդունվեցին խանդավառությամբ։  Այնուհետև, բեմ հանվեց Հ.Պարոնյանի «Շողոքորթն» կատակերգությունը (ռեժ. Ա.Բաղդասարյան), Հ.Թումանյանի «Տերն ու Ծառան» (ռեժ. Հ.Հովհաննիսյան), Վ.Կրասնագորովի «Սիրո CASTING» լիրիկական կատակերգությունը (ռեժ. Ն.Ծատուրյան), Գ.Գ.Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» (ռեժ. Ռ.Ասատրյան)։

Շուրջ մեկ տարի տևած բեմադրական աշխատանքներից հետո, 2018թ-ին հանդիսատեսի դատին հանձնվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված՝ Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» դրաման (ռեժ.Լ.Հարությունյան)։  Այնուհետև, թատրոնը մանուկ հանդիսատեսի համար բեմադրեց՝ Ուստինովի և Տոբակովի «Ձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթ-ներկայացումը (ռեժ. Հ.Հովհաննիսյան), որին հաջորդեց՝ ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի «Bye-Bye Լեդի» կատակերգությունը (ռեժ. Լ.Հարությունյան) և ըստ Ջոն Օսբորնի «Ոչինչ չի մնա» հոգեբանական դրաման (ռեժ. Հ.Քեշիշյան)։

Գյումրու դրամատիկական թատրոնը 2018թ-ին հյուրախաղերով հանդես եկավ Վանաձո-րում, Գորիսում, Երևանում, Էջմիածնում, Ստեփանակերտում, ինչպես նաև Լիբանանում։ Իսկ 2019թ-ի հունվարի 25-ից փետրվարի 11-ը հյուրախաղերով մեկնեց Ամերիկայի Միացյալ նահանգներ։

Հետևեք Մեզ