Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր նոր՝ «Թատրոնի մարդիկ», շարքում ներկայացնում է Հայաստանի ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանին:
Ճակատագրական հանդիպումը. Դերասանուհի դառնալու մասին միշտ եմ երազել, պարզապես ընտանիքում արվեստագետներ չենք ունեցել, ու չէի համարձակվում այդ մասին բարձրաձայնել: Այն տարիներին նման որոշում կայացնելը համարձակ քայլ էր, դրա համար էլ որոշեցի բժիշկ դառնալ: Ատեստատում միայն 5-եր էին, բայց ոսկե մեդալ չտվեցին, քանի որ դրա համար այն «փայլեցնել» էր պետք ու հատուկ վերաբերմունք ցուցաբերել: Ինստիտուտից կտրվեցի, ինչն ինձ շատ տխրեցրեց։ Ընտանիքով որոշեցինք ուսումնարանում սովորեմ եւ հետագայում մեկ քննություն հանձնելով՝ ընդունվեմ բժշկական։ Դասի գնալու ճանապարհը թատրոնի կողքով էր անցնում, ամեն անգամ նայում էի ու մտածում. «Կլինի՞ մեկ օր ես էլ դերասանների համար նախատեսված մուտքով ներս գնամ»։ Ուսումնարանում միջոցառում ունեինք, որին ներկա էր դերասան Ռազմիկ Բադալյանը: Ելույթիցս հետո ինձ հարցրեց, թե չէ՞ի ցանկանա թատրոն գնալ, պատասխանեցի. «Երազում եմ այդ մասին»: Այդ երջանիկ պատահականության շնորհիվ էլ 1973 թվականին հայտնվեցի Գյումրու թատրոնում:
Առաջին դերը. Ստուդիայում 20 օրվա ուսանող էի, երբ Հրաչիկ Գասպարյանն իր «Ձյունե թագուհու» համար դերակատար էր փնտրում: Իմ ամենահամարձակ երազանքներում էլ չէի պատկերացնի, որ կխաղամ այդ ներկայացման մեջ։ Մի օր մտավ լսարան եւ ասաց. «Անահիտին մեկ րոպեով կարելի՞ է»։ Մենք 4 Անահիտ էինք, դրա համար հստակեցրեց. «Նոր եկած Անահիտին»։ Երբ իմացա դեր եմ ստանալու, չեմ կարող բացատրել հետս ինչ էր կատարվում: Հագիս դարսերով բլուզ էր, որը սրտիս աշխատանքից թրթռում էր, բռնել էի, որ հուզմունքս չզգացվի։ Բացարձակ չիմանալով թատրոնն ու այնտեղ աշխատելու սկզբունքները՝ մարմնավորեցի Գերդային: Բոլորը գոհ էին, իսկ ես մի իսկական հեքիաթում էի հայտնվել: Դպրոցական տարիներից սկսած ներկայացումներ էի նայել ու դպրոցում ինքս բեմադրել, բակում երեխաների հետ միշտ բեմի պես վայր էինք փնտրում, որ ելույթ ունենանք, ու հանկարծ հայտնվեցի թատրոնում…
Զգացողությունները. Չեմ էլ հասկացել ոնց եմ խաղացել, փորձերի ընթացքում զարմացական ու հիացական հայացքներ էի տեսնում, որոնք ինձ մի քիչ վստահություն էին հաղորդում: Ներկայացումից հետո արձագանքները շատ դրական էին, ու ինձ անմիջապես ընդունեցին թատրոն: Շատերը քաղաքում կերպարի անունով ինձ Գերդա էին դիմում, մարդիկ կան, որ մինչեւ այսօր էլ հանդիպելիս ասում են. «Վայ, Գերդա ջան, բարեւ»։ Կարծում եմ՝ սա ամենալավ գնահատականն է։ Առհասարակ Գյումրին զարմանալի հանդիսատես ունի, որը բոլոր պայմաններում հավատարիմ է մնացել թատրոնին: Հիմա էլ միշտ լիքը դահլիճներում ենք խաղում։
Առանց սովորելու. Ինստիտուտում այդպես էլ չսովորեցի, փորձեցի, բայց Գյումրիից զանգ էր եղել, որ ինձ չընդունեն: Մեր տնօրեն Մարի Գրիգորեւնան դեմ էր, որ Երեւան գնամ՝ վախենում էր չեմ վերադառնա: Մեկ տարի խաղալուց հետո ինձ հրաշալի բնութագիր տվեցին՝ 4 գլխավոր կերպար էի մարմնավորել, վերցրի ու շատ գոհ գնացի ինստիտուտ: «Արդեն դերասանուհի ես, նման դերեր ես խաղում, ինչո՞ւ ես ուզում ուրիշի տեղը զբաղեցնել»,- պատասխանեցին եւ թղթերս ուղղակի չվերցրին: Քանի որ դերերի պակաս չունեի, շարունակեցի լիաթոք աշխատել եւ չընդունվելը շատ չափսոսացի։ Ինձ համար ինստիտուտ եղավ Վովա Քոչարյանի տունը, որի եղբոր հետ հետագայում ամուսնացա: Այն ասեք Վերնատուն լիներ Գյումրիում, ծառայությունից այնտեղ էր փախչում Ռուբեն Հախվերդյանը, հավաքվում էին Սուրեն Բաբայանը եւ շատ ու շատ դեմքեր, Երեւանից գալիս էին դիպլոմային աշխատանք անելու: Այդ տարիներին միակ վայրն էր, որտեղ խոսվում էր արվեստից՝ գեղանկարչությունից, երաժշտությունից, կինոյից, թատրոնից, գրականությունից։ Վովան ինձ ամեն անգամ մի գիրք էր տալիս ու ասում. «Սա կարդա, հետո կխոսենք»։ Այդ տարիներն իսկական ինստիտուտ եղան ինձ համար:
Թթվածին թատրոնը. Այսքան տարիներ անց թատրոնում լինելը սովորական ու անհրաժեշտ է դարձել, ինչպես օդն է սովորական, որի անհրաժեշտությունը բացակայության ժամանակ ես զգում։ Բայց դա չի խանգարում, որ ամեն անգամ նոր դերով բեմ բարձրանալիս սրտիդ աշխատանքն ականջներիցդ զգաս: 50 տարի անց էլ թատրոնի հեքիաթը չի ավարտվել կամ փոխվել ինձ համար: Այս ընթացքում տարբեր տարիքի դերեր եմ խաղացել, բայց ամեն անգամ մասնագիտության մեջ նոր բան եմ հայտնաբերում ու սովորում։ Դերասանությունը գիտություն է մարդու մասին, իսկ մարդու հոգին եւ միտքն այնքան անսահման են, որքան տիեզերքը, կարող ես անվերջ խորանալ եւ ուսումնասիրել:
Ռեժիսորները. Ինձ բախտ է վիճակվել աշխատել հանճարեղ ռեժիսորների հետ: Մեծ դաս էր նաեւ Ալբերտ Մկրտչյանի, Երվանդ Ղազանչյանի, Խորեն Աբրահամյանի, Գրիգոր Մկրտչյանի, Նիկոլայ Ծատուրյանի հետ աշխատանքը, մեկ այլ հաճույք է ստեղծագործել Լյուդվիգ Հարությունյանի հետ: Դերասանը միշտ պիտի երաժշտական գործիքի նման լարված վիճակում լինի, որպեսզի ռեժիսորներից ով այդ գործիքը ձեռքը վերցնի, նրանով «կարողանա նվագել»: Աշխատանքի նկատմամբ պարտաճանաչություն՝ չուշանալ, փորձի հագուստ կրել, ակնոցը հանել, մազերը հավաքել, պատրաստ լինել Ղազանչյանից եմ սովորել։ Այդ ամենը մտել է արյան մեջ ու հետագայում էլ մնացել։ Գրիգոր Մկրտչյանի հետ աշխատանքը լրիվ ուրիշ հորիզոններ է բացել, երեւի, ամենահետաքրքիր ու անարծաթ մարդն էր, շատ անօգնական ու խեղճ կյանքում, բայց հզոր միտք ու երեւակայություն ունեցող թատրոնում: Նա մեծ ուսուցիչ էր եւ զարմանալի չէր, որ իր կուրսերն ավարտողները մնում էին արվեստում:
Տարբեր սերունդները. Ինձ թատրոնում լավ են ընդունել, այն քիչ երջանիկներից եմ, որ սերունդների բախում չեմ ունեցել: Շատ են եղել դեպքերը, երբ իմ սերնդակիցներն են մրցակցության մեջ մտել, բայց ցանկացած դերից այնքան հեշտ եմ հրաժարվել, որովհետեւ ինձ համար կարեւորը մարդկային փոխհարաբերություններն են։ Ինչքան էլ ապրես քո արվեստով ու սիրես այն, պետք է մարդ մնաս։ Այսօր էլ հրաշալի ու տաղանդաշատ երիտասարդներ ունենք: Քանի որ Գյումրիում կողքից մասնագիտությամբ գումար վաստակելու շատ տարբերակներ չկան, անմնացորդ նվիրվում են թատրոնին: Մենք լավ ու ջերմ ընկերներ ենք, եւ ամեն անգամ չեմ դադարում հիանալ նրանցով։ Մեր մասնագիտության մեջ իրար հետ շփվում ենք զգացողություններով եւ հույզերով, ինչը մեզ ավելի շատ է մերձեցնում: Քանի որ մեր թատրոնը ինտրիգների բացակայության պատճառով շատ անհետաքրքիր է, մարդկային ջերմությամբ ենք այն յուրահատուկ դարձնում: Երբեմն 2 դերասանուհիներ մեկ կերպար են մարմնավորում, միայն տեսնել է պետք, եթե մեկը շատ է փորձած լինում, ինչպես է մյուսին օգնում, կուլիսից կուլիս վազում եւ հուշումներ անում: Նման դեպքերի շատ եմ հանդիպել ու զարմացել, քանի որ մեր սերնդի դեպքում այդպիսի աջակցություն չի եղել: Կեցցեն իրենք:
(Ո՞վ է) դերասանը. Դերասան դառնում են այն մարդիկ, որոնց համար իրական կյանքը քիչ է թվում։ Ես երազում էի բալետի պարուհի, բժիշկ, գիտական հայտնագործություն անող դառնալ ու էլի շատ մասնագիտություններում ինձ փորձել, հետո գիտակցեցի, որ դերասանությունն այդ բոլոր հնարավորությունները տալիս է: Ինչ-որ ժամանակ ու տեղում դառնում ես այն, ինչի մասին երազել ես ու տարբեր կյանքեր ես ապրում:
Բեմի մոգական ուժը. Առանց չափազանցնելու բեմն իրոք մոգական ուժ ունի: Վիգեն Ստեփանյանը բեմադրեց «Տերն ու ծառան», եւ ամբողջ ներկայացումը պիտի 2 առլեկինները տանեին։ Ես 40 տարեկան էի ու պոչիկներ կապած, առլեկինի հագուստով թռվռում էի: Երեւանից լրագրողներ էին եկել ներկայացումը դիտելու ու հարցրել էին. «Այդ երեխան քանի՞ տարեկան է, որ այդքան լավ գիտի բեմը»: Մի օր մեջքիս սուր ցավեր ունեի, նույնիսկ քայլել չէի կարողանում ու պիտի «Տերն ու ծառան» խաղայինք։ Աղջիկս ինձ օգնեց, որ հասնենք թատրոն, մի կերպ հագա զգեստս, բայց պատկերացում չունեի, թե ինչպես եմ դուրս գալու բեմ։ Հետո մտածում էի. «Ինչ լավ է, որ մերոնք չեն դիտում, այլապես չէին հավատա, որ մեջքս ցավում է»։ Բեմից դուրս եմ եկել եւ նույն ցավերով վերադարձել տուն։ Այն մի կախարդական տարածք է, որտեղ մտնելուց հետո շնչառությունդ փոխվում եւ մտքերդ թեւեր են առնում, բեմը թռիչքի վայր է։
Թատրոնի չերեւացող կողմը. Կարծում եմ՝ մեր մասնագիտության մեջ աստվածային մասնիկ կա, նման պահեր իսկապես զգացել եմ։ Երբ փորձերի ընթացում ինքդ քո մեջ խոչընդոտների ես հանդիպում, կերպարի հետ համաձայն չես կամ փորձում ես արդարացնել նրան, նման պահերին շատ եմ սիրում, երբ անձրեւոտ եղանակ է լինում: Անձրեւանոցն այնքան եմ իջեցնում, որ փակեմ դեմքս եւ ինքս ինձ հետ խոսելով, տեքստերն ասելով հասնում եմ թատրոն: Ու հանկարծ լուծումն ուղղակի գալիս է, միտքս պայծառանում է ու հասկանում եմ. «Սա էր պետք, բայց որտեղի՞ց եկավ»։ Կարծում եմ՝ միայն վերեւից կարող է լինել:
Սիրելի վայրը. Մեր գրիմանոցն է։ Մենակ լինել առհասարակ սիրում եմ, թեեւ մարդկանց ներկայությունից չեմ նեղվում: Բայց հատկապես ներկայացումներից առաջ սիրում եմ մենակ մնալ եւ գնալ այդ աշխարհ: Տղաս՝ Արմանը, որն ավարտել է կինոռեժիսուրայի ֆակուլտետը եւ նվագում է «Բամբիռ» խմբում, մի օր խոստովանեց. «Մամ, ես շատ սխալ մասնագիտություններ եմ ընտրել, չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել»։ Երբ տանը հավաքված էինք լինում ու փոքր տարիքում դրսից գալիս էր, հենց հարցնում էինք. «Արման ջան, եկա՞ր», արտասվում էր այդ ուշադրությունից։ Պարադոքսալ բան պիտի ասեմ, բայց ես էլ 50 տարուց ավել դերասանուհի լինելով հանդերձ՝ նեղվում եմ դրանից: Հաճելի է, երբ մոտենում են ու լավ խոսքեր ասում, բեմում ուշադրությունից չեմ նեղվում, բայց լրիվ հակառակն է կյանքում:
Կերպարները. Ամեն ինչ սկսվում է պիեսը կարդալուց, հասկանում եմ գործողությունների վայրն ու ժամանակը, թե որքան տեղ է հատկացված կերպարիս եւ ինչքան կարող եմ առաջ գնալ։ Դերասանները սովորաբար այդ մասին չեն մտածում ու շատ տարածքներ են ուզում գրավել, ես միշտ իմ սահմանները գծում եմ։ Հետո փորձում եմ փոխհարաբերությունները հասկանալ իր ու մյուսների հետ, թե ինչու այդպես խոսեց կամ հետն այդպես վարվեցին: Ապա սկսվում է կերպարի հետ կռիվը, չընդունելու եւ չհամաձայնվելու շրջանը, ինչը շատ է օգնում նրան բացահայտել։ Կերպարը մարսելուց հետո մտածում եմ ոնց կշարժվեր, կքայլեր, կնայեր, ու կամաց-կամաց նրան կառուցում եմ:
Հույզերը. Շատ-շատ անգամներ եմ ապրումներից արթուն մնացել: Հոգնած պառկել եմ ու միտքս սկսել է աշխատել, վեր եմ կացել եւ մի բաժակ թեյ կամ սուրճ խմել: Դրանք իմ ամենասիրած պահերն են, որովհետեւ բոլորը քնած են ու գիշերվա կեսին միայնակ ես երեւակայությանդ եւ մտքերիդ հետ, ազատ բոլոր գործողություններում:
Ամենաազդեցիկ տեքստը. Աշխատել եմ նաեւ Մհեր Մկրտչյան թատրոնում ու այնտեղ բեմադրված «Ֆիլումենա Մարտուրանո» ներկայացման մեջ Ֆիլումենան էի: Այդ կերպարն ինձ այնքան փոխեց եւ ուժեղացրեց։ Նա չի արտասվում, բոլոր դժվարություններով անցնելուց եւ ընտանիքին միավորելուց հետո է լացում ու ասում. «Ինչ լավ է լաց լինելը»: Բավական լացկան մարդ էի, բայց հիմա համարյա չեմ արտասվում: Կարծում եմ՝ Ֆիլումենան ինձ փոխեց, ու նաեւ՝ կյանքը։
Բեմում անցկացրած ժամանակը. Այնքան դժվար է հաշվել, քիչ կլինի ասել ամիսներ են, եթե փորձերն էլ հետը գումարենք՝ տարիներ կդառնան:
Փոքր հաղթանակները. Բարեբախտաբար, թատրոնում այնպիսի մարդկանցով եմ շրջապատված, որ իրենք ավելի շատ են ուրախանում իմ հաջողություններով։ Նորից տղայիցս օրինակ բերեմ՝ միասին քայլում էինք, երբ ասաց. «Այնքան հաճելի է քեզ հետ փողոց դուրս գալ, դիմացից ով գալիս է, քեզ տեսնելիս ժպտում է»։ Իմ ձեռքբերումները հենց այդ ժպիտներն են։ Մի օր երիտասարդներն ինձ հարցրին, թե ի՞նչ կպակասեր Գյումրիում, եթե ես չլինեի. «Երեւի, ժպիտները քիչ կլինեին»,- պատասխանեցի։
Խոսքը հանդիսատեսին. Շատ սիրում ու հարգում եմ մեր հանդիսատեսին։ Երկրաշարժից 1 տարի հետո քաղաքը լրիվ ավերված էր, երբ նորից պիտի ներկայացում խաղայինք, վերքերը դեռ բաց էին, բայց հասկացանք, որ թատրոնը պիտի աշխատի: Հակոբ Ղազանչյանը բեմադրեց Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը» շատ գունեղ ու երաժշտական ներկայացումը: Մտածեցինք ցավին ցավով չպիտի պատասխանենք ու սարսափած սպասում էինք պրեմիերային: Երբ վարագույրը բացվեց եւ լիքը դահլիճ տեսանք, արտասվում էինք, որ հանդիսատեսը մեզ չի դավաճանել: Հիմա էլ հիշեցի այդ պահն ու հուզվեցի: Թեեւ Շիրակի մարզը սոցիալապես ամենաաղքատն է համարվում, բայց հանդիսատեսը ապրում է թատրոնում ու լցնում դահլիճները, ուղղակի չեն գալիս ներկայացում նայելու, նրանք մեր ամենամեծ քննադատն են:
-Իսկ հիմա պատասխանեք Ձեր ու խաղացած կերպարների փոխարեն: Ինչո՞ւմ է Ձեր ուժեղ կողմը:
Անահիտ Քոչարյան. Թուլության մեջ է։
Լյուսի («Հիշիր վաղվա օրը»). Սիրելու կարողության :
Սանամ («Հարսանիք թիկունքում»). Կյանքը սիրելու։
Մանչուկ («Մանչուկն ու Կառլսոնը»). Խենթության:
Ֆիլումենա («Ֆիլումենա Մարտուրանո»). Ուժի մեջ է։
-Ի՞նչն է երջանիկ դարձնում։
Անահիտ Քոչարյան. Ամենափոքր մանրուքից ընդունակ եմ ուրախանալու: Սիրում եմ կյանքը:
Լյուսի. Սիրած մարդու կողքին լինելը:
Սանամ. Իր ընտանիքն եւ հարեւանները:
Մանչուկ. Կառլսոնի նման ընկեր ունենալը:
Ֆիլումենա. Երջանիկ է տարիներով թաքուն պահած տղաներով եւ սիրելի անձնավորությամբ, որին ամբողջ կյանքում սիրել է ու հասել նրան, որ նա էլ իրեն սիրի:
-Ինչի՞ մասին եք երազում։
Անահիտ Քոչարյան. Խաղաղության:
Լյուսի. Իր պատկերացրած ընտանեկան փոխհարաբերությունների եւ անպայման ամուսնու կողքին լինելու մասին։
Սանամ. Նա էլ խաղաղության մասին կերազեր:
Մանչուկ. Որ մենակ չլինի, գոնե մի շուն ունենա:
Ֆիլումենա. Ընտանիքի մասին, ամբողջ կյանքն այն ունենալուն է նվիրել:
Հարցազրույցը ՝ Հասմիկ Բաբայանի