Թատրոնը մարդկային թանձրացած հույզերի ու զգացմունքների անշոշափելի մի էություն է, որտեղ ներս մտնողն ու նրան հաղորդակցվողը մաքրագործում է հոգին։ Նրանից ճառագող լույսը վսեմացնում է մարդուն, բարձրացնում մինչև կատարելուն և հիշեցնում նրան, թե ով է մարդը բնության մեջ։ Բարձրաճաշակություն, տոնակատարություն և մարդաճանաչում՝ ահա այն երեք հիմնական հենասյունները, որը 21-րդ դարում կանգուն է պահում թատրոն երևույթը։ Այսօր, իր գոյության դար ու կեսը բոլորած, Գյումրու դրամատիկականը կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիական միջոցները, իր գործունեությունը հասանելի է դարձնում նաև օնլայն տիրույթում։ Մեզ համար շատ կարևոր է յուրաքանչյուրիդ մեկնաբանությունն ու առաջարկները, մեր որդեգրած գործում, որոնց համակողմանի քննարկման արդյունքում կունենանք նպատակային ծրագրեր:
Մեր կայքի միջոցով Դուք առավել ցայտուն կերպով կտեղեկանաք թատրոնում տեղի ունեցող նոր ներկայացումների, նախագծերի և թատրոնին վերաբերող իրադարձությունների մասին: Ինչպես նաև կծանոթանաք թատրոնի 158-ամյա տարեգրությանը, ներկա ստղծագործական կազմին, խաղացանկում առկա ներկայացումներին, և որ ամենակարևորն է հնարավորություն կունենաք ամրագրել առաջիկա ներկայացումների տոմսերը։ Ձեր ակտիվ քննարկումների, անաչառ գնահատականների և հետաքրքիր առաջարկությունների շնորհիվ առավել կակտիվանա մեր գեղարվեստաստեղծագործական ընթացքը, որի արդյունքում կունենանք ժամանակի հետ համընթաց քայլող թատրոն: Համոզված եմ, որ մեր համատեղ կապը կտա սպասված արդյունքը, ինչի շնորհիվ մեր և Ձեր սիրելի թատրոնը կկարողանա նվաճել նորանոր բարձունքներ և Գյումրու դրամատիկականը կունենա իր արժանի տեղը թատերական երկնակամարում: