Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկականի «Թատրոնի մարդիկ» շատ տարբեր են ու հետաքրքիր: Այս անգամ ծանոթանալու ենք դերասանուհի Արփինե Մխիթարյանի հետ:
Սկիզբը. Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո 10 տարի բացակայել եմ երկրից, նախ Ռուսաստանում եմ բնակվել, ապա՝ Վրաստանում, եւ աշխատել թատրոնի հետ բացարձակ կապ չունեցող ոլորտում: Գյումրի վերադառնալուց հետո որոշեցի գալ դրամատիկական, բայց ինքս ինձ հետ անդադար վիճում էի, թե արդյոք կստացվի՞: Բնականաբար, 10 տարի բացակայելն ու մասնագիտությունից հեռու լինելն իրենց ազդեցությունը չէին կարող չթողնել, իսկապես ոչինչ չէի կարողանում անել ու շատ բան մոռացել էի: Հանդիպեցի իմ կուրսղեկ Լյուդվիգ Հարությունյանի հետ ու հայտնեցի թատրոն վերադառնալու ցանկությանս մասին: Նա առաջարկեց փորձաշրջան անցնել, ու 2020 թվականին՝ քովիդից մի քանի ամիս առաջ, սկսեցի ներկա լինել փորձերին եւ ծանոթանալ միջավայրին:
Առաջին դերը։ Մի օր առավոտյան Հարությունյանից զանգ ստացա՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացմամբ Երեւան հյուրախաղերին էին գնում, եւ հարսնաքրոջ դերակատարը մեկնել չէր կարող: Պետք է նրան փոխարինեի, ներկայացումը մեկ անգամ էի նայել, շփոթվեցի ու խառնվեցի։ Բարեբախտաբար, տեքստ չկար եւ ընդամենը 3 րոպե պետք է խաղայի, բայց ամբողջ մարմնովս մեկ սարսուռ անցավ՝ 10 տարի անց վերադարձա բեմ: Իր խորհուրդներով ու հուշումներով ինձ շատ օգնեց Ջեմմա Ադամյանը, լարվածությունս ու հուզմունքս շատ-շատ էին, իսկ ուրախությունն՝ անսահման։ Դրանից հետո Հարությունյանը նորից զանգահարեց՝ «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացման մեջ ընդամենը 7 օր ունեի Գոհար Խաչատրյանին փոխարինելու համար: Հսկայական դեր էր, որը ստանալուց հետո, սկսվեցին մյուս բեմադրությունները:
Ակտիվ մանկությունը. Փոքր տարիքից եմ կապ ունեցել բեմական աշխարհի հետ: Երբ ծնվում ես երկրաշարժին հաջորդող մութ ու ցուրտ տարիներին, մոխրագույն քաղաքին փոխարինելու են գալիս տարատեսակ խմբակները, որտեղ ծնողները տանում են իրենց երեխաներին եւ փորձում գունավորել նրանց առօրյան: Մայրս ինձ պարի, ասմունքի, կարատեի ու նույնիսկ գեղեցկության մրցույթի է տարել: Վազքս այնքան շատ էր, որ հազիվ կեսգիշերին էի տուն հասնում եւ դասերս անում: Բայց երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, մայրս դեմ էր թատերական ինստիտուտ ընդունվելուն: Նախ մտածում էր, որ այն հոգեբանորեն բարդ աշխատանք է, գիտեր, թե ամեն անգամ բեմ բարձրանալիս որքան եմ հուզվում, բացի այդ էլ համարում էր, որ ոչ մեկ չի ցանկանա ամուսնանալ դերասանուհու հետ: Բայց, Փառք Աստծո, նման խնդիր չառաջացավ։ Մինչդեռ հայրիկս ասաց. «Ես քո թիկունքին կանգնած եմ, կարող ես հանգիստ սովորել»։ Ուսանողական տարիներին հիասթափությունների պատճառով ուզեցի հեռանալ ինստիտուտից, բայց մայրս պնդեց, որ պարտավոր եմ մինչեւ վերջ գնալ եւ ավարտել:
Կայացման ընթացքը. Նառա Սանթոյանն այսպիսի մի լավ միտք է ասել. «Արփին, սկզբնական շրջանում այնքան փափուկ ու նուրբ էիր, վախենում էինք քեզ դիպչել, որ չջարդվես։ Հիմա շատ պինդ ես, ուժեղ, համառ եւ աշխատասեր»։ Սկզբում իրոք շատ դժվար էր, քանի որ բացակայությունն իր ազդեցությունը թողել էր, մտածում էի՝ գուցե սխալ եմ արել ու միջակության սահմաններից դուրս գալ չի ստացվի, բայց աշխատասիրությանս, ինքս ինձ համոզելու ու աշխատելու հաշվին փորձեցի առաջ գնալ: Այդ ընթացքում ինձ անչափ շատ են օգնել Նիկոլայ Ծատուրյանը եւ Լյուդվիգ Հարությունյանը։
Որոշիչ դերերը. Ասպրամ Բաղդասարյանի «Քայլեր» ներկայացման շնորհիվ համոզվեցի, որ ճիշտ ճանապարհին եմ ու դեռ շատ բան ունեմ անելու: Նաեւ«Փրկության կղզի» ու «Հրաշագործը» ներկայացումներն են ինձ օգնել, դրանցում համամարդկային խնդիրներ են արծարծվում, որոնք հասարակության համար կարեւոր են: Ամեն կերպար մարմնավորելիս հետն ապրում ես, փորձում ուսումնասիրել նրան ու իր ժամանակաշրջանը, բնավորությունն ու շարժումները: Որոշ ժամանակ անց զգում ես, որ նրանցից շատ բան ես սովորել եւ քո մարդկային տեսակը հարստացրել:
Կերպարի ստեղծումը. Ամեն նոր դերի հետ մոտս դեպրեսիա է սկսվում, կարդում եմ ու մտածում՝ չեմ կարողանա խաղալ: Հեշտ ու միանգամից է ստացվել Ալիսայի կերպարը՝ «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման մեջ, երեւի նրանից էր, որ փոքր հասակից այդ մուլտֆիլմը նայել եմ, գիրքը կարդացել եւ հերոսուհուն լավ ծանոթ եղել: Երեխաներն անսահման երեւակայություն ունեն ու նրանց մարմնավորելը մեծագույն հաճույք է: Մեծ վախ եմ ունեցել «Քայլեր»-ից առաջ, «Փրկության կղզու» ժամանակ Նիկոլայ Ծատուրյանը շատ խոսեց հետս, նույնը «Հրաշագործի» դեպքում էր: Երբ գիտակցում էի, թե ովքեր են խաղընկերներս՝ Նարինե Գրիգորյանը, Տիգրան Գաբոյանը, որի հետ ի դեպ ուսանողական տարիներից «բեմական ամուսիններ» ենք: Միասին 3-րդ կուրսում խաղացել ենք Հրաչյա Ղազարյանի «Արա Աստված»-ում, Տիգրանն Արան էր, իսկ ես՝ Նուարդը:
Ստանալու ընթացքը. Անկախ ինձնից՝ կապն արտաքին աշխարհի հետ վերանում է, սկսում եմ անդադար խոսել կերպարի ու նրա ես-ի հետ, իր շարժումներն ու հայացքը գտնել: Բայց ամենասարսափելին այն է, որ վերջում ռեժիսորը կարող է որոշել կերպարը մի փոքր այլ կերպ մատուցել: Այդպես եղավ «Հրաշագործ»-ի ժամանակ, երբ նկարչական ու բեմական ձեւավորումն ավարտել էինք, հագուստներով փորձից հետո Ծատուրյանն ասաց. «Վայ, Արփինե, կերպարն այսպես փխրուն լինել չի կարող, փոխում ենք նրան»: Առաջնախաղին 3-4 օր էր մնացել, ու լարվածությունը կրկնապատկվեց, բայց ռեժիսորը ստացավ իր ուզածը։ Երբ զգեստը հագնում ես, կերպարիդ լրիվ այլ կերպ ես զգում, դրա համար փորձերի ընթացքում սիրում եմ նկարչի հետ քննարկել, թե ինչ զգեստներ են լինելու: Ընթացքում նմանատիպ հագուստ կրելն օգնում է ավելի հեշտ պատկերացնել ու դրսեւորել կերպարին:
(Ո՞վ է) դերասանը. Նա ապրում է տարբեր մարդկանց կյանքով ու կարող է հասկանալ տվյալ կերպարն այդ պահին ինչ է զգացել: Սովորական մարդիկ դժվար թե կարողանան ապրել դերասանի զգացածը: Կերպարներին տալիս ենք մեր սիրտն ու հոգին, իսկ իրենցից ստանում ավելին ՝ իսկական կյանք:
Բեմի ուժը. «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման վերջին փորձի ժամանակ ընտանիքիս հետ դժբախտ դեպք տեղի ունեցավ՝ մորեղբորս տղան մահացավ: Նրանք Թիֆլիսում են ապրում, ու աշխատանքի պատճառով հնարավորություն չունեցա մեկնելու: Սարսափելի իրավիճակ էր՝ այդ ծանր պահին չէի կարող ընտանիքիս կողքին լինել: Բացի այդ էլ վարագույրը բացվելուն պես պիտի բարձր տրամադրություն հաղորդեի հանդիսատեսին: Ուռած ու կարմրած աչքերով էի, հոգեպես կոտրված, բայց հենց ներկայացումը սկսվեց, բեմի ուժն ու էներգիան փոխանցվեցին ինձ: Այդ մեկ ժամվա ընթացում լրիվ այլ ես դառնում, դուրս գալիս քո դժբախտ իրավիճակից, ուրախանում եւ ամենակարեւորը՝ ուրախացնում մարդկանց:
Սիրելի վայրը. Գրիմանոցն ու բեմն են։ Գրիմանոցում կարողանում ես վերլուծել բեմում տեղի ունենալիքը, հանգստանում ես ու կենտրոնանում, իսկ բեմում վայելում այդ հրաշք ժամանակահատվածը: Երկար խոնարհվել չեմ սիրում՝ բարդույթ ունեմ, եւ միշտ ուզում եմ փախչել, բայց երբ բոլոր դերասաններով կանգնած ենք ու մեզ ծափահարում են, ամեն անգամ շնորհակալություն եմ հայտնում երազանքիս մոտենալու համար:
Հույզերը. Ամեն առաջնախաղից առաջ բացարձակ չեմ քնում, եթե անգամ ստացվում է մի կարճ ժամանակով քնել, տեքստերն եմ ասում ու բեմական դրվագները կրկնում: Թատրոնում արդեն գիտեն, եթե ներկայացումը ժամը 2-ին է, 10-ին արդեն թատրոնում եմ լինում: Ամեն անգամ եմ լարված ու հուզված, չեմ էլ ուզի այդ ամենը պակասի, այլապես կնշանակի, որ չպետք է լինեմ բեմում:
(Ինչի՞ մասին է) Գյումրու թատրոնը: Մարդկանց ու հոգեւոր սնունդի մասին է, այն խաղաղության ու հարցերի պատասխանների վայրն է։
Ամենաազդեցիկ տեքստը. «Քայլեր» ներկայացման մեջ եմ ասել, երբ աղջիկը դիմում է հորը. «Ձեզ համար միեւնույն է աղջիկ երեխան, եթե թեկուզ հրաժարվում եք, ցավ չեք զգում, իսկ եթե ունենում եք ու մեծացնում, թքած այն բանի վրա՝ նա երջանիկ է, թե չէ։ Դուք կմեծացնեք նրան միայն այն բանի համար, որ տռզած հարուստ մեկին հանձնեք ու դրանով ձեր ամբողջ կյանքի պարտականությունն ավարտված եք համարում»։ Աղջիկ երեխաները ցանկալի չեն ու միայն խաղալիքներ են նրանց համար։
Փոքրիկ հաջողությունները. Ամեն մի ներկայացում լավ խաղալը փոքրիկ հաջողություն է, որն ազդարարելուց հետո ձգտում եմ առավելագույնին: Թատրոնում մենք ապրում ենք, սովորում, շնչում, մեր առօրյան թատրոնի հետ շատ սերտ է կապված: Փոքրիկս միշտ ասում է. «Մամա, դու այնքան շատ ես թատրոնում լինում, խնդրում եմ մի փոքր էլ տանը մնա»։ Օրը սկսվում եւ ավարտվում է թատրոնում, անգամ եթե փոքրիկ ընդմիջումներին տուն ենք գնում՝ ճանապարհին միեւնույն է կերպարն ենք վերլուծում: Նույնն էլ տնային գործեր անելիս կամ կերակուր պատրաստելիս է լինում՝ փորձում ես քեզ գտնել կերպարի մեջ։ Պիտի ապրես թատրոնով,այլապես այնտեղ լինել չես կարող:
Խաղընկերները. Մեր բախտը բերել է, որ Գյումրու թատրոնում բոլոր դերասանները գերպրոֆեսիոնալ են, բացի այդ էլ՝ մարդկային տեսակով են արտակարգ եւ սրտացավ: Կողքից խորհուրդ տալն ու սատարելը շատ կարեւոր է: Օրինակ՝ Արսեն Սաղաթելյանը միշտ ոգեշնչում է խաղընկերոջը, փորձերին շարունակ ոգեւորում էր. «Մեր Ալիսան աշխարհում ամենալավն է»: Բնականաբար, այդ խոսքերը սրտիդ են դիպչում եւ օգնում էլ ավելի լավ մարմնավորել կերպարդ:
Երեխա դառնալ. Ալիսայի շնորհիվ նորից մանուկ դարձա: Երբ հարցնում էին քանի՞ տարեկան եմ, կերպարիս պես էի պատասխանում. «10,5», մինչդեռ իմ տարիքում նրա մայրիկը կարող եմ լինել: Լրիվ վերադառնում եմ մանկություն, վերհիշում այն նեղացկոտ պահերը, երբ բոլորս ձգտում էինք մեր ուզածն առաջ տանել եւ անսահման երեւակայել։ Հիմա հետեւում եմ, թե երեխաս ինչպես է մեծանում ու մի փոքրիկ բանն այնպես ուռճացնում: Մտածում եմ՝ երանի մենք էլ տարիների ընթացքում չկորցնենք այդ հատկությունը։ Ինչպես Ալիսան է ասում. «Նախաճաշից առաջ անպայման պետք է երազել եւ ընդհանրապես պետք է երազել»։ Նաեւ պետք է ինչպես քո, այնպես էլ դիմացինիդ երազանքին հավատաս ու հավատացնես, որ դրանք մի օր անպայման իրականություն կդառնան։ Ներկայացումը բարության մասին է, որ ոչ մեկ իր հույսը չկորցնի։
Խոսքը հանդիսատեսին։ Շնորհակալ եմ ու ձեզ շատ սիրում եմ։
-Պատասխանեք Ձեր ու կերպարների անունից:
Ինչո՞ւմ է Ձեր ուժը:
-Արփինե Մխիթարյան. Բարության մեջ։
-Ալիսա («Ալիսան հրաշքների աշխարհում»). Երազկոտության։
-Միսս Մըք Քեչիըն («Փրկության կղզի»). Կուզեի, որ ինքն էլ երազեր։
-Քեյթ Քելլեր («Հրաշագործը»). Հավատի։
-Ի՞նչն է Ձեզ երջանիկ դարձնում։
-Արփինե Մխիթարյան. Ընտանիքս։
-Ալիսա. Երազկոտությունն է երջանկացնում։
-Միսս Մըք Քեչիըն. Երկու տարուց ավել չենք խաղացել, նորից հիշեցի նրան՝ բարությունը երջանիկ կդարձներ։
-Քեյթ Քելլեր. Աղջկա լսելն ու խոսելը, գիտակցությունը։
-Ինչի՞ մասին եք երազում։
-Արփինե Մխիթարյան. Խաղաղության։
-Ալիսա. Միայն թագուհի դառնալու մասին։
-Միսս Մըք Քեչիըն. Երազում է բոլորին կրթելու մասին, բայց մոռանում ամենակարեւորը՝ երազանքներին հավատալ է պետք:
-Քեյթ Քելլեր. Երեխայի առողջության ու երջանկության մասին:
-Կյանքի տված ամենամեծ դասը:
Արփինե Մխիթարյան. Մի անգամ պատժվել եմ առանց մտածելու շուտափույթ որոշում կայացնելու արդյունքում, ինչը հետագայում դաս է եղել ինձ համար:
Ալիսա. Սովորել է երազել ու հասնել իր նպատակներին։
Միսս Մըք Քեչիըն. Դաս քաղեց, որ փոքրիկների երազանքը խլել չի կարելի։
Քեյթ Քելլեր. Սովորեց հավատալ ու համբերատար լինել։