Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը շարունակում է ներկայացնել «Թատրոնի մարդիկ» շարքը, որում այս անգամ դերասանուհի Հասմիկ Սուվարյանն է:
Ներքին թատրոնը. Թատրոն ինձ բերել է դասախոսս՝ Բաբկեն Չոբանյանը, նա իմ ուղեցույցն էր: Թատրոնը գիտեի նրա կարգ ու կանոնով եւ գեղարվեստական ընկալմամբ։ Մի շատ կարեւոր խորհուրդ տվեց. «Շատ բան կտեսնես, որը, գուցե, չի համապատասխանի նրան, թե ինչպիսին պիտի լինի թատրոնը, բայց կարողացիր անդավաճան մնալ քո ներքին սկզբունքին»: Դա հենասյուն եղավ, որ ներսում ունենամ իմ ստեղծած թատրոնի կատարելատիպն ու ինչ էլ լինի՝ նրան չդավաճանեմ:
Սկզբունքները. Նախ եւ առաջ դրանք կարգ ու կանոնն են, մենք կոլեկտիվով ենք աշխատում, դրա համար պետք է հարգես դիմացինիդ ժամանակն ու էներգիան, առաջին հայացքից փոքրիկ թվացող այդ բաները շատ կարեւոր են։ Բացի այդ անհրաժեշտ է մասնագիտությանն ավելի ընդգրկուն նայել, հնարավոր է՝ արածդ քո տարածաշրջանում լավ է նայվում, բայց աչքդ միշտ բաց պահիր ու տես, թե ինչ է կատարվում աշխարհի թատերական ոլորտում։ Մեկ-մեկ նաեւ պետք է զայրանաս ու մտածես, թե ես ինչո՞վ եմ զբաղված ու ի՞նչ եմ անում։ Անհրաժեշտ է քո արածից մի քանի անգամ առավել լավ գործ տեսնել, որպեսզի թռիչք ունենաս: Այլապես ինքդ կպարես, ինքդ էլ ծափ կտաս, եւ արդյունքում նույն տեղում կմնաս։
Նորամուտը. Առաջին դերս Նիկոլայ Ծատուրյանի «Հրեշը լուսնի վրա» ներկայացման մեջ էր։ Նոր էի մտել թատրոն, պարզապես խոսելն ու քայլելն արդեն իսկ սարսափելի էին թվում, իսկ նման մեծ բեմում հայտնվելն ու գլխավոր կերպարին մարմնավորելը շատ պատասխանատու էր: Բախտս բերեց, որովհետեւ Ծատուրյանը դասախոս-ռեժիսոր է եւ ամբողջ ընթացքում դերասանին սովորեցնում է, այն բախտավորներից էի, որ անցա իր դպրոցով։ Օգնեց այնպիսի ճշմարտություն եւ բնականություն ձեռք բերել, որ ոչ մի շարժման ու հայացքի մեջ սուտ չէիր կարող թույլ տալ։ «Հրեշը լուսնի վրա» ներկայացումն ինձ համար օրհնության պես էր:
Կարևոր դասերը. Խաղընկերս Բաբկեն Չոբանյանն էր ու նրա հետ խոսելիս չէի կարողանում մոռանալ, որ դասախոսս է եղել։ Ակնածանք էի զգում նրա ու Ծատուրյանի նկատմամբ, հայտնվել էի մի պրոֆեսիոնալ միջավայրում, որտեղ իսկապես գիշեր ու ցերեկ աշխատում էին մեծ նվիրումով։ Թատրոնն ասեք մեզ համար երկրագնդի կենտրոնը լիներ: Այդ ամենի արդյունքում ներկայացումը գոհարի պես մաքուր ստացվեց, Ծատուրյանն այն մանրակրկիտ ասեղնագործել է: «Հրեշը լուսնի վրա»-ն ինձ համար ճշմարիտ արվեստի, նվիրման, թատրոնի հանդեպ ունեցած ակնածանքի եւ հավատարմության օրինակ դարձավ:
Միայն շնորհք ունենալը շատ քիչ է, պիտի տարիներդ ու էներգիադ գիտակցված թատրոնին նվիրես, այլապես այն քեզ ոչնչով չի պատասխանի: Եթե գալիս ես բեմը սեփական անձիդ ծառայեցնելու եւ անուն վաստակելու նպատակով, այն շատ արագ քեզ ցած կշպրտի, օրինակները բազմաթիվ են, միշտ պիտի գիտակցես, որ այստեղ հանուն վերին գաղափարի ես։ Մեծամտություն չհնչի, բայց վստահ կարող եմ ասել, որ Գյումրու դրամատիկական թատրոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլորս ծառայում ենք թատրոնին։
Յուրահատուկ վերաբերմունքը: Այստեղ անձերի միջեւ տարբերություն եւ առավելություն չկա, բոլորը՝ թատրոն նոր մտած սկսնակ ուսանողից մինչեւ տարիների վաստակ ունեցող ժողովրդական արտիստները, միմյանց վերաբերվում են հավասար նվիրումով։ Ինչպես մեզ են ջերմ ընդունել, այնպես էլ ինքներս ենք վարվում երիտասարդների հետ։
Սերունդների այդ կապն ու սերն անդադար է: Իմ ուսանողն աշխատում է կողքիս, նա էլ արդեն իր ուսանողներն ունի, թարմ արյունն անընդհատ գալիս է թատրոն: Բոլորս ենք ուրախանում թատրոնի հաջողությամբ, ամենատխուր բանն ինձ համար այն է, երբ ներկայացումը չհաջողված է, բայց ասում են. «Քո կերպարը լավն էր»: Երբ ընդհանուր գործը ստացվում է, քեզ որպես դերասան միմիայն բարձրացնում է։
(Ո՞վ է ) դերասանը. Հրաշագործի ու արարողի նման է, նախ ինքն է հավատում հեքիաթին ու հրաշքին: Խորությամբ մտածելիս փշաքաղվում ես՝ դերասանը կարողանում է ամեն անգամ արարել մարդուն, մեր հոգու մեջ ստեղծում ենք ուրիշ բնավորությամբ ու ազգությամբ մեկին։ Այդ ընթացքում միախառնվում են հեղինակի, ռեժիսորի, նկարչի, քո ու խաղընկերոջ էներգիաներն եւ այդ խմորումները բերում են նոր ծնունդի։ Նախ ինքդ ես հաճույք ստանում քո ստեղծածից ու դրանով ապրում։ Երկար ժամանակ կռվում էի Ֆրիդա Կալոյի հետ, մինչեւ որ մի օր յուրահատուկ էներգետիկ կապ ունեցա եւ հասկացա։ «Դու այնքան շատ ես սիրել կյանքը, բայց քիչ ապրել, որ ուզում եմ քեզ հնարավորություն տալ այս մի ժամն ապրել իմ միջոցով»: Այդ պահին ասեք ուրիշ աշխարհ բացվեց, եւ կերպարը թույլ տվեց դառնալով մեկը՝ ապրել իրար մեջ։ Պետք է կարողանաս էգոդ դնել մի կողմ ու կերպարդ թույլ տաս առաջին պլանում լինել։
Խոնարհումը. Թատրոնը խոնարհություն է պահանջում, որպեսզի չմեծամտանաս: Մարդը հպարտանալու հատիկ ունի իր մեջ եւ միշտ ակնկալում է, որ արածի համար իրեն գովելու են։ Եթե «Փոքրիկ իշխան»-ում եղած բաոբաբների պես թողնես այդ ամենը զարգանա, ամբողջ մոլորակը կոչնչացնի, դրա համար դեռ սերմ ժամանակ պետք է արմատախիլ անել։ Եվ խոնարհումն այնքան սիրուն երեւույթ է, որի մեջ իսկապես աստվածային մեծ ուժ կա։ Երբ կարողանում ես խոնարհվել, պտուղ ես ստանում, իսկ մեծամտանալիս՝ վայր ընկնում։
Բարդին պտուղ չունի, դեպի վեր է ձգվում, իսկ ծառը բերք տալիս ծանրանում ու խոնարհվում է:
Բեկումնային կերպարը. Ինձ համար որոշիչ եղավ «Հասմիկ» մոնոներկայացման բեմադրությունը։ Երբ Ռաֆայել Ասատրյանն առաջարկեց խաղալ, ասացի. «Ես ատում եմ մոնոներկայացումները, իմ ամենամեծ հաճույքը խաղընկերոջ աչքերին նայելն ու իրար հետ աշխարհից վերանալն է, ո՞ւմ հետ խաղամ»։ Բայց նա ինձ համոզեց, ու արեցինք ներկայացումը, տասնամյակից առաջ խաղացել էի թատրոնում, բայց պրեմիերայից առաջ ուզում էի փախչել՝ լրիվ միայնակ էի, ասեք լողալ չիմանալով հայտնվես խաղաղ Օվկիանոսի կենտրոնում։ Ամբողջ խմբի պատասխանատվությունն ինձ վրա վերցնելուց եւ ներքին կորով, կամքի ուժ եւ համարձակություն ցույց տալուց հետո, կարողացա այդ մենակությունը հաղթահարել եւ աննկարագրելի աճի շրջան ունենալ:
Փակվելն ու թիթեռ դառնալը. Մինչեւ հիմա խոսում են այդ ներկայացման մասին, քանի որ մարդիկ կերպարի մեջ իրենց էին տեսել։ Աճ գրանցել օգնել է այս հատվածը. «Որպեսզի թրթուրը կարողանա թիթեռ դառնալ, պետք է կարողանա նախ մտնել հարսնյակի մեջ, իրեն հյուսել ու թվում է, թե մահանալ, բայց հետո պիտի թիթեռ դառնա: Եթե թիթեռին օգնես ու բացես հարսնյակը, իր թեւերն էլ թռչելու ուժ չեն ունենա»:
Այսինքն՝ ամեն մարդ փակվելու շրջան է ունենում եւ ինքը պիտի համարձակորեն թեւերով հրի ու բացի իր պատյանները, որ կարողանա թռչել: Դա ինձ համար կարծես ներփակված վիճակից ուժեղացնելու ազդակ լիներ, որ չվախենամ, բացեմ թեւերս եւ թռչեմ։
Թիմային ոգին. Բեկումնային էր նաեւ «Մաուգլի»-ում Բագիրայի կերպարը։ Մեծագույն հաճույք է աշխատել հսկայական թատերախմբի հետ ու նրա մի մասնիկը լինել։ Ներկայացման մասշտաբն ահռելի է, որքան մարդ էլ
կուլիսներում է աշխատում ու չի երեւում։ Անբացատրելի է, երբ բոլորի զարկերակը մի ռիթմով է աշխատում: Սովորաբար հայերս փախչում ենք այդ միասնականությունից եւ ուզում առանձին-առանձին հաջողություն գրանցել, բայց թիմի աշխատանքի արդյունքը վայելելը հրաշալի զգացողություն է, այն բազմապատկվում ու հզորանում է։ Տալիս ավելի ես ուրախանում, քան վերցնելիս։
Խաղընկերները. Գյումրեցիներին բնորոշ հումորն ուղեկցում է մեզ ամեն վայրկյան, ու ներքին կատակներն օգնում են ավելի ջերմ դարձնել ներքին մթնոլորտը։ Իրար արդեն անգիր գիտենք՝ միմյանց ուժեղ կողմերն ու թերությունները, այդ ամենը հարազատության զգացում է առաջացնում եւ ամեն վայրկյան պատրաստ են քեզ բռնել, ինչը վստահություն է հաղորդում։ Բեմը հեշտ բան չէ, ու ամեն նոր կերպարից առաջ ձախողելու վտանգ կա, հաջողությունը ոչ մեկ չի ապահովագրել։ Բայց երբ կողքիդ կան նման մարդիկ, ովքեր քեզ օգնում են ու անդադար էներգիա տալիս, դու էլ՝ քո հերթին, աշխատանքն ավելի հեշտ է դառնում։Մեր թատրոնում եւս մեկ առավելություն կա՝ միմյանց երեսին ասում ենք ճշմարտությունն ու բարձրաձայնում թերությունների մասին, ինչն առողջ մթնոլորտ է ստեղծում, եւ դրա արդյունքում էլ ենք աճում։
Բեմի ուժը. Երբ նոր էի եկել թատրոն, սպասում էի բոլորը հեռանան ու միայնակ մեկ լամպի լույսի տակ բարձրանում էի բեմ, պատկերացնում այն մեծերին, որոնք խաղացել են այնտեղ՝ Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան եւ ուրիշներ։ Նրանց թողած էներգիան երբեք չի վերանում, ասես թիկունքիդ ամուր պատ լինի, որն ուժ է տալիս։ Բեմը նաեւ յուրահատուկ է դարձնում դերասանների ու հանդիսատեսի կապը, առանց մարդկանց ոչ մի ներկայացում չի կայանում։ Նաեւ նրանց շնորհիվ է ամեն անգամ ներկայացումը տարբեր ստացվում։ Էմոցիոնալ գյումրեցի հանդիսատեսի օգնությամբ է ստեղծվում բեմական այն հմայքը, որի արդյունքում եթե հիվանդ ես, առողջանում ես, տխուր ես՝ ամեն ինչ անցում է, հուսահատ ես՝ կերպարի միջոցով ոտքի ես կանգնում ու սկսում ապրել: Բեմը խոշորացույցի նման է: Ինչքան մենք ենք կերպարներին տալիս, ավելին նրանցից ենք ստանում:
Սիրելի կողմը. Տեխնիկական անձնակազմն է, որին հանդիսատեսը երբեք չի տեսնում, բայց ինչպիսի նվիրումով է աշխատում։ Այնքան եմ սիրում գնալ ու շփվել նրանց հետ, այդ մարդիկ քայլող թատրոն են, բազում արտիստների հետ աշխատանքը նրանց յուրահատուկ խորություն է տվել։ Ամեն վայրկյան պատրաստ են քեզ օգնել, որպեսզի ոչ մի հարցում չձախողվես, ինչն անսահման շնորհակալության զգացում է առաջացնում։
Մեկուսանալու տեղը. Սիրում եմ իմ գրիմանոցը, որովհետեւ այնտեղ են ծնվում կերպարները, եւ անչափ շատ եմ սիրում մեր փոքր բեմը՝ յուրահատուկ է, ջերմ, տաք, իսկական, առանց ստի։ Այնտեղ խաղալը նման է մերկ հանդիսատեսի առաջ կանգնելուն, մի սխալ էմոցիա ու միտք, եւ ամեն ինչ միանգամից նկատելի է դառնում։ Համարձակություն է պետք այդ բեմի վրա կայանալու համար։ Մոնոներկայացման ժամանակ եմ զգացել, որ սիրտդ բացում ես 80 հոգու առաջ, ու այդ հանդիպումն այնքան անկեղծ ու տաք է։ Չգիտեմ էլ կյանքում նման հանդիպում ունեցե՞լ եմ, թե՞ չէ:
(Ինչի՞ մասին է) թատրոնը. Եթե ասեմ միայն նվիրումի, քիչ կլինի: Գյումրու թատրոնը քայլ առ քայլ, ամեն օր կատարվող աշխատանքի արդյունքում մեծ նպատակների հետեւից գնալու մասին է։ Այստեղ համարձակորեն մեծ նպատակներ են դրվում ու անդադար աշխատանքով եւ բոլորով ենք ձգտում դրան՝ տեխնիկական կազմով, ռեժիսորով, ղեկավարով, դերասաններով, հանդիսատեսով: Եթե մեծ նպատակներ չունես, երբեք չես հաջողի, փոքրիկ բաների հետեւից գնալիս տեղում կդոփես։
Համարձակությունը. Այդ հատկությունը գյումրեցիներին հատուկ է եւ օգնում է ամենալավը լինել։ Այո, գլուխ ենք գովում, բայց չի երեւում, թե ինչ ճանապարհ ենք անցում ու որքան դառը քրտինք թափում արդյունքի հասնելու համար: Եթե պրեմիերայից առաջ ներկա լինեք փորձերին, կզարմանաք, թե ինչպես են դերասանները դիմանում լարվածությանը, չեն թողնում եւ հեռանում: Բայց նվիրումը, սերն ու ներքին որոշումդ օգնում են քեզ ծառայեցնել թատրոնին եւ գիտակցել, որ այն քոնն է, մերն է, բոլորինս է։ Մոր նման ամեն ինչ անում ես նրա համար:
Հույզերը. Ամեն պրեմիերայից առաջ չգիտես, թե ինչպես կլինի։ Այդպես էր «Հարսանիք թիկունքում»-ից առաջ, երբ վերքը շատ թարմ էր ու մարդկանց հետ պիտի խոսեինք այդ մասին, մեծ համարձակություն էր պետք։ Մտածում էինք գուցե սխալ ենք անում եւ կցավեցնենք, բայց հետո հասկացանք, որ դրա անհրաժեշտությունը կա։ Մարդիկ զգացին, որ իրենց ցավի հետ միայնակ չեն, ու խոսելն օգնում է նրանց փարատել եւ մխիթարել։ Նույնը «Մաուգլի»-ի ժամանակ էր՝ տեխնիկապես այնքան բարդ էր ամեն ինչն ապահովել, հանդիսատեսը չի տեսնում, որ հաճախ կյանքդ մազից է կախված լինում կամ քեզնից է կախված մեկ ուրիշի կյանքը։ Նման անբացատրելի ապրումներ ունեցել եմ նաեւ մոնոներկայացման ժամանակ, որի հաջողությանը չէի հավատում, բայց շատերի համար կերպարը հայելի դարձավ ու իրենց տեսան նրա մեջ։ Ամեն անգամ պատասխանատու է մոտենալ մարդու հոգուն՝ կամ կվնասես, կամ կբժշկես:
Ազդեցիկ տեքստը. «Բոհեմ» ներկայացման վերջին տեքստն է. «Մեզ տրված կյանքն այն հրաշալի հնարավորությունն էր, որով մենք դարձանք այն, ինչ-որ եղել ենք, եւ լավագույնը դա էր»: Անդադար վազում ենք մի տեղ, որտեղ չկանք ու մեզ թվում է՝ ավելի լավ է։ Բայց իրականում այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք։ Շատերը հետպատերազմյան շրջանում չապրելու եւ սեփական կյանքից փախուստի ցանկություն ունեին, բայց ներկայացումից հետո խոստովանեցին՝ իրենց ապրելու համար ամենալավ ժամանակն է տրված։ Այնպիսի 4 դառը պատմություն ենք հանել բեմ, որ նրանց կյանքը միայն ծափերի մասին չէ։ Հանդիսատեսը տեսնում է, որ այդ կանայք անցել են ամեն ինչի միջով ու հաղթել, հետեւաբար՝ իրենք էլ պիտի ոտքի կանգնեն։
Կյանքը՝ թատրոնում. Արդեն 20 տարի է, որ անդադար այստեղ եմ։ Միայն ամռանը մեկ ամիս արձակուրդի ժամանակ չենք լինում թատրոնում, մնացած օրերին՝ առավոտից երեկո փորձերի ենք կամ խաղում ենք:
Հաղթանակները. Մի շրջան կար, որ համարում էի՝ հաջողություններով պետք չի ուրախանալ, բայց հետո հասկացա՝ ուրախությունն էներգիա է փոխանցում: Եթե միայն պարտականություններ ես կատարում, կսպառվես: Սիրում եմ պրեմիերայից հետո ծաղիկներով մենակ տուն քայլել, ոնց որ դադարի ու վակուումի պահ լինի, մտածում ես. «Եվ ի՞նչ, բա հետո՞»։ Երբեմն այն լցվում է դատարկությամբ, երբեմն՝ շնորհակալության խաղաղ զգացումով, երբեմն՝ փոթորիկով, որովհետեւ գիտեիր ավելին կարող էիր անել: Մթության մեջ տուն գնալու ճանապարհը շատ բան է պատմում քո մասին:
Խոսքը՝ հանդիսատեսին. Կուզեմ մեզ բոլորիս ասել, որ շատ ենք վազում նյութական շոշափելի արժեքների հետեւից, սակայն հայ ազգն իր ոգեղեն արժեքների շնորհիվ է հասել մեր օրեր։ Թատրոնն էլ ոգեղեն երեւույթ է, կուզեի՝ շատ գնահատեն այն, մեր արվեստագետներին, մշակույթի գործիչներին ու մեզ ավանդված պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները։ Չարժե գնալ մի բանի հետեւից, ինչը մեր ուժը չէ։ Ամեն ազգ ունի իր կոդը, մերը գերդաստանի մեջ է՝ մենք միայնակ ապրել չենք կարող։ Երբ իրարից առանձնանում ենք, թուլանում ենք ու մեզ կոտրելն ավելի հեշտ է դառնում:
-Պատասխանեք Ձեր ու խաղացած կերպարների փոխարեն: Ինչո՞ւմ է Ձեր ուժեղ կողմը։
Հասմիկ Սուվարյան. Համարձակության։
Բագիրա («Մաուգլի»). Խելամտության։
Ֆրիդա («Բոհեմ»). Սիրելու կարողության։
Հասմիկ (մոնոներկայացում). Սիրելու եւ ներելու համարձակության։
-Ի՞նչն է երջանիկ դարձնում։
Հասմիկ Սուվարյան. Երբ կարողանում եմ գիտելիքս ու փորձս փոխանցել ուրիշներին։
Բագիրա. Երբ կարողանում է իր հարվածելով ուշքի բերել դիմացինին:
Ֆրիդա. Օ, սիրելու ցանկությունը, խենթի նման սիրող էր:
Հասմիկ. Երբ կարողացավ ներել հորը եւ գտնել գերդաստանի հետ կապը:
-Ինչի՞ մասին եք երազում։
Հասմիկ Սուվարյան. Շատ բաների, բայց հատկապես, որ կարողանամ կատարել առաքելությունս, ինչի համար եկել եմ աշխարհ ու դա լինի թեթեւ, ուրախությամբ ու հաճույքով:
Բագիրա. Ասել ճշմարտությունն առանց վախենալու:
Ֆրիդա. Պարզապես ապրելու մասին:
Հասմիկ. Նա երազում էր համարձակություն ունենալ իր գծած շրջանից դուրս գալ։
-Կյանքի տված ամենամեծ դասը:
Հասմիկ Սուվարյան. Անշուշտ, ցավոտ է եղել, բայց երբ հասկացել եմ՝ իմ կյանքում կատարվող յուրաքանչյուր իրադարձություն ես եմ ստեղծել իմ էներգետիկայով, իմ շրջապատի մարդկանց ես եմ քաշել դեպի ինձ ու նույն կերպ փոխելով ինձ՝ կարող եմ փոխել աշխարհը:
Բագիրա. Որ աշխարհում ամեն բան իր կանոնակարգով է, եւ մարդը երկար չի կարող մնալ գազանների մեջ:
Ֆրիդա. Ինչքան էլ կռվես կյանքի հետ, միեւնույն է՝ կան բաներ, որ չես ունենալու, պետք է համակերպվես:
Հասմիկ. Պետք չէ երկար մնալ այնտեղ, որտեղ քո տեղը չէ, պետք է թռիչք ունենաս:
Հարցազրույցը ՝ Հասմիկ Բաբայանի