Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկականի «Թատրոնի մարդիկ» շարքում ներկայացնում ենք դերասանուհի Նառա Սանթոյանին:
Օդեսայից՝ Գյումրի. Նախ ուզում էի Սանկտ Պետերբուրգում սովորել, ապա՝ Օդեսայում, որտեղ պատրաստվում էինք տեղափոխվել: Երեւանում ընդունելության քննությունը կիսատ թողեցի ամաչկոտությանս պատճառով: Եւ երբ իմ երազած վայրերը գնալ չստացվեց, Արթիկից եկա Գյումրի, ընդ որում՝ շատ պատահական: Քույրս իմացել էր, որ այստեղ ստուդիա է բացվում: Այդ ժամանակ խորն այրվածք էի ստացել ու մեկ տարի չկորցնելու պատճառով որոշեցի ընդունվել: Շատ ուրախացրեց ու միաժամանակ էլ կաշկանդեց այն փաստը, որ Ալբերտ Մկրտչյանն է կուրս ունենալու: Ինձ մի քանի հարց տվեց ու շատ հավանեց, մյուսներից 2 տարով մեծ էի ու հասցրել էի շատ ավելին կարդալ, դրա համար էլ տպավորություն թողեցի:Քննության օրը ներս մտնող ամեն դիմորդի ասում էին. «Սանթոյան Նառան դո՞ւ ես», տղաներից մեկը նույնիսկ կատակում էր, որ քիչ էր մնացել իրենց էլ նույնը հարցնեին: Վերջինը մտա, պարզապես քրքրեցին, բայց չէի ուզում հավատալ, որ ընդունվել եմ, ինչը նշանակում էր՝ մնալու եմ Գյումրիում: Տարբերությունը շատ մեծ էր, Օդեսայում այլ կյանք էի տեսել, որը բացարձակ չէր համապատասխանում այդ իրականությանը:
Հոգեւոր ձեռքբերումը. Հետերկրաշարժյան տարիներն էին, ու Գյումրիում վիճակը սարսափելի էր, առհասարակ կյանք չկար: Բայց հիմա գիտեմ, որ պատահական ոչինչ չի լինում, երջանիկ եմ, որ Աստված այդպես կամեցավ՝ չարի գործակիցը բարի դարձնելով: Միգուցե Օդեսայում ինձ գտնեի մասնագիտության մեջ, բայց կորցնեի հոգեւոր կյանքս կամ անձս ընդհանրապես, եւ չլինեի այն, ինչ այսօր եմ: Սկզբում դաժան էր գիտակցել, որ պատկերացրածդ չես կարող իրականացնել եւ խաղալ «Լեդի Մաքբեթ», պիտի բավարարվես նրանով, ինչ կտան: Բայց հիմա շատ գոհ եմ, որ հենց այստեղ եմ:
Սարսափելի բարդույթը. Շատ ուրախ եմ, որ առաջին դերս «Հավատք» ներկայացման մասսայական տեսարանում էր: Ալբերտ Մկրտչյանն ինձ ասում էր. «Շատ տաղանդավոր եւ շնորհքով աղջիկ ես, բայց բարդույթներ ունես եւ հնարավոր է այս մասնագիտության մեջ չկայանաս»: Բեմում նույն զգեստով 40 կույսեր պիտի լինեին, բայց ամաչում էի մյուսների հետ դուրս գալ, ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանը համոզում էր. «Մտի, ո՞վ է քեզ ճանաչում, բոլորդ նույն դեմքով եք: Մուշեղիչը կսպանի», ապա մեջքիցս հարվածեց ու հրեց բեմ: Կոնսերվատորիայում սովորող ընկերուհիս հետո պատմել է, որ մեկ էլ տեսան՝ 40-ից մեկը կուլիսներից թռչելով մտավ բեմ: Այն որ չէի ուզում, բայց նկատելի դարձա, բարդույթս հաղթահարելու ուղղությամբ հսկայական աշխատանքի տարավ: Հասկանում էի, որ առանց այս մասնագիտության ապրել չեմ կարողանա ու պիտի փոխվեմ: Ամաչկոտությունն ինձ իսկապես շատ է խանգարել, կարող էի փորձի կեսից թողնել ու դուրս գալ:
Բացահայտումները. Մասնագիտությունն օգնեց ի հայտ բերել բոլոր թաքնված հույզերը, ուրախությունները եւ մարդկային տեսակները: Աշխատանքն ինձ կոլեկտիվ մտածողություն տվեց ու միմյանց նկատմամբ հոգատարություն սովորեցրեց, ստիպեց բազմակողմանի զարգացած լինել ու առաջին հերթին ինքս ինձ ճանաչել:
Կերպարների ստեղծումը. Իմ ստացված յուրաքանչյուր դերի մեջ թաքնված է նախկին բարդույթս: Դա ինձ ստիպեց այնքան խորը մտնել կերպարի մեջ, որ լիովին մոռանամ իմ անձն ու ինձնից մի փոքր հատված իսկ չմնա, որպեսզի նորից չստիպի ամաչել: Հենց դրա շնորհիվ է, որ իմ խաղացած դերերն անգամ արյան կարգ ու բնավորություն ունեն, եւ երբեք նրանց մեջ իմ ասելիքը չեմ փնտրում: Տարիներ պետք եղան, որ այդ ամենին կարողանամ տիրապետել եւ համոզվել, որ չարիքն առանց բարիքի չի լինում:
Համարձակությունը. Շատերին թվում է՝ դերասաններն անամոթ են, մինչդեռ նրանք համարձակ են հաղթահարելու մարդկային կարծրատիպերը, հարձակումներն ու մտքերը, բայց դա չի նշանակում՝ սանձարձակ ենք: Դա արվեստը գնահատելու ու բարձրացնելու ունակությունն է: Մանավանդ 1997 թվականին մեծ համարձակություն էր պետք հարազատների պատվին դեմ դուրս գալու համար: Չէին ուզում բարձրաձայնել, որ իրենց եղբոր աղջիկը կամ մորաքրոջ աղջիկը դերասան է, մինչդեռ անցան տարիներ, ու իրենց համար ամոթալի թվացող այդ մասնագիտությունը սկսեց պատիվ բերել նրանց: Ես չփոխվեցի, բայց մարդկանց պատկերացումներն այլ դարձան:
Մարտահրավերը. Յուրաքանչյուր կերպար անհատականություն է եւ օգնում է քեզ նորովի ճանաչել: «Տունը սահմանին» ներկայացման մեջ ունեցածս կերպարը իմ 25 տարվա կարիերայիս ընթացքում միակն էր, որի դեպքում իմ ուժը չեմ էլ տեսել: Ռեժիսորին որեւէ բան ասելու իրավունք չունենք, բայց համարձակությունս հավաքեցի Արտուշ Միքայելյանին դիմելու. «Գուցե, սա իմ դերը չէ՞», ինչին պատասխանեց. «Ես Ձեզ տեսնում եմ այդ կերպարում, տեքստ չունեք եւ սեղանի շուրջ աշխատանքներին մի եկեք: Ես Ձեզ կկանչեմ»: Տեքստ չունենալը հրաշալի առավելությունն էր, բայց պատկերացում չունեի, թե նա ինչպես է բացելու ներկայացումը: Սկսնակ էր ու իր ռեժիսորական ձեռագիրը դեռ անծանոթ էր ինձ: Բայց Միքայելյանի ինտելեկտն ու արվեստագետի մեջ եղած տղամարդկային տեսակը հավանում եմ, իր պահանջն էլ այնքան դուրս եկավ, որ սպասումով լցվեցի: Հետո պարզվեց՝ ռեժիսորի պահանջած խաղարկային ձեւն ինձնից հեռու չէ: «Փարիզը վտանգավոր քաղաք է»-ի մեջ էլ առանց տեքստի մի հատված ունեմ, բայց այս դեպքում ամբողջ ներկայացման ընթացքում հոգեվիճակս արտահայտում եմ միմիկայով՝ աշխատեցնելով ողջ դեմքս: Հասկացա, որ սիրում եմ նման համարձակ ռեժիսորներին, եւ այդ դերն ինձ համար մասնագիտական աճ էր: Ունակությանս վրա չէի կասկածում, բայց կատարողական առումով զարմացանք բոլորս՝ ես, խաղընկերներս ու հանդիսատեսը:
(Ո՞վ է) դերասանը. Անձերի կույտ է եւ տարբեր կերպարներն իր մեջ կրող տեսակ: Նա պիտի շատ մեծ էություն լինի, որպեսզի այդ ամենն իր միջոցով կայանա: Դերասանը տարբերվում է ու պետք է տարբերվի հասարակությունից, ոչ թե մեծամտության մասին է խոսքը, այլ աշխարհընկալման: Հասարակությունը կարող է որեւէ բան սիրել կամ չսիրել, ընդունել կամ մերժել, դերասանն այդ կարծրատիպն ու մտածողությունը չպիտի ունենա: Գոյություն ունի անձնական ու մասնագիտական բնավորություն, որոնք իրարից շատ են տարբերվում: Իմ մասնագիտական բնավորությամբ հարազատներիս կողքին ապրել չեմ կարող, բայց որպես դերասան պիտի տարբերվեմ հենց այդ խիստ ընդգծված կողմերով:
Սիրելի ու չերեւացող կողմը. Ետնաբեմն է՝ տեխնիկական եւ սպասարկող անձնակազմի աշխատանքը, խաղընկերոջ հետ պատրաստվելը, կուլիսների լռությունը, պատասխանատվությունը: Ինձ համար ներկայացումից ավելի գերագույն հաճույք է փորձը, երբ նոր ես տեսնում ներկայացման ծնունդը, նկատում տեխնիկական կազմի վստահությունն ու մեկ ժպիտը հույս է տալիս, որ կերպարդ լավն է:
Խաղընկերների հետ կապը. Բախտս բերել է, որ լավ խաղընկերներ ունեմ, նրանց հետ էլ ստեղծում եմ իմ կերպարը: Շատ ազատ ենք իրար հետ նաեւ պահանջների առումով եւ եկել ենք այն գիտակցության, որ մեզանից յուրաքանչյուրի կերպարի կայանալուց բացի շատ կարեւոր է նաեւ խաղընկերոջ կայանալը: Ինձ համար լավ խաղընկերներ են Արկադի Ղարագուլյանը, Հասմիկ Սուվարյանը, Տիգրան Գաբոյանը, Ջեմմա Ադամյանը, Արսեն Սաղաթելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Անահիտ Քոչարյանը, Դիանա Մացոյանը: Իրար հետ հետնաբեմային կյանք ենք ստեղծում՝ մտածում մեր կերպարների մասին, քննարկումներ ունենում, մեկս մյուսից պահանջում. «Այդ տեսարանն ինչ լավ խաղացիր: Ինչի՞ նորից չարեցիր, այն ժամանակ ավելի լավ էր», անընդհատ խոսում ենք իրար հետ: Սրտացավ ենք, ու մեր ներկայացումների հաջողությունը հենց դրանում է:
Բեմի մոգական ուժը. Անգամ բարձր ջերմությամբ եմ բարձրացել բեմ ու իջել լրիվ առողջ: Դա նրանից է, որ ուրիշի կերպարի մեջ եմ մտել ու զգացել նրա արյան շրջանառությունը, որը բնավ էլ հիվանդ չէ: Բեմը հզոր ուժ ունի, ցանկացած բեմ ու հատկապես մերը՝ շատ եմ սիրում: Այնտեղ են կուտակված բազմաթիվ մարդկանց էներգիաներ՝ տարբեր տարիներին աշխատած եւ պատմություն կերտած, հիմա ստեղծագործող ու նաեւ՝ հանդիսատեսի:
Յուրահատուկ վայրը. Գրիմանոցն է՝ իմ աթոռը եւ հայելին, նաեւ սիրում եմ մթության մեջ դահլիճում նստել ու նայել բեմին, ինչն ուսանող տարիներից է մնացել։ Երկրաշարժից հետո 2 տարի թույլ տվեցին ապրել թատրոնում, բնակվում էր նաեւ ժողովրդական արտիստ Նինա Բոխյանը ու եւս 2 ընտանիք: Իջնում էի ու նստում դահլիճում, այդ ժամանակ էլ զգացել եմ այդ շշմեցուցիչ էներգետիկան։ Նույնիսկ այնքան խորացա, որ ինձ թվաց՝ հին դերասաններն են նստած, ինչից մի քիչ վախեցա, բայց հետո հասկացա, որ իմ երեւակայության արդյունքն էր։
(Ինչի՞ մասին է) Գյումրու թատրոնը. Մարդկային կյանքերի եւ անկասկած հույսի։ Այս քաղաքի պարագայում այն հույս է եղել, եղավ եւ միշտ կլինի։
Չդադարող հույզերը. Յուրաքանչյուր ներկայացում՝ լինի պրեմիերա, թե հերթականը, հուզմունք է առաջացնում: Առաջնախաղերից առաջ ամեն դերասան անցնում է տառապանքի սեփական փուլերով, որը սկսվում է մեկ շաբաթ առաջ: Վերջին 3 տարում հետս անդադար կռվում եմ ու խոսում. «Նառա, 25 տարվա դերասանուհի ես, մի ամաչիր, կմտնես բեմ, ամեն ինչ կանցնի»։ Եթե այդ պահին ասեն, որ ներկայացումը հանում են, կերջանկանամ: Սիրտս գցում է, դողում եմ ու մեծ պատասխանատվություն ունենում: Հետո նկատեցի, որ նույն վիճակում են լինում նաեւ Տիգրան Գաբոյանը, Արկադի Ղարագուլյանը, Հասմիկ Սուվարյանն ու մյուսները: Իբր ուզում ես մխիթարանք գտնել ու հետները խոսել, բայց նրանց հետ էլ նույնն է կատարվում:
Բեմին նվիրած ժամանակը. Եթե նաեւ ուսանողական տարիները գումարենք, արդեն 27 տարի է Գյումրու թատրոնում եմ, դրանից, երեւի, 21-ը բեմում անցկացրած կլինեմ:
Ամենաազդեցիկ տեքստը. «Բոհեմ»-ում Ցվետաեւան մի կարեւոր միտք է ասում. «Գիտե՞ք ինչի համար են պոետները, որպեսզի մյուսներին անհարմար չլինի խոսել ամենացավոտ թեմաների մասին»։ Շատ սիրուն, խորիմաստ ու արժեքավոր արտահայտություն է։
Մրցանակները. Միշտ բացասական վերաբերմունք եմ ունեցել, որովհետեւ աչքիս առաջ ողջ Հայաստանի մակարդակով տեսել եմ, թե մշակույթի մարդիկ դրանց արդյունքում ինչպես են վիրավորվում, ուրախանում, պարտվում, թուլանում։ Շատերն են անարժան կերպով առաջ գնացել ու անիմաստ տեղը մեծարվել: Միշտ համարել եմ, որ մասնագիտության մեջ կարեւորը շնորհքն է ու արածդ հանդիսատեսին հասցնելը: Կոչումով չէ, որ քեզ պիտի սիրեն ու գնահատեն։ Բայց հասունացել էր պահը, որ հանդիսատեսն իր սիրելի դերասանուհուն գնահատված տեսներ: «Արտավազդ»-ից հետո հասկացա, որ այդ հաղթանակն իրենց համար էր՝ գնահատական տրվեց նրանց հավանածին: Այնպիսի տպավորություն էր, թե «Օսկար» եմ ստացել, նույնիսկ զարմացա արձագանքներից։ Բայց հետո մտածեցի. «Արժեր հանդիսատեսիս համար ստանալ»:
Փոքրիկ հաղթանակները. Ամեն ստացված դեր ինձ համար հաջողություն է, եթե նպաստում է լավ ներկայացում ունենալուն: Սիրում եմ, երբ ոչ միայն ինձ են հավանում, այլ ամբողջ ներկայացումը։ Դրա համար խիստ կարեւոր է խաղընկերոջս լավ լինելը, որ մեր համատեղ գործը ստացված լինի եւ իմ հաջողված դերն արժեք ունենա։
Սովորությունը. Մտովի տեղափոխվում եմ դահլիճ ու խաղընկերոջս հետ մշակում կերպարս: Դա եւս իր պատճառն ունի՝ ամաչելու արդյունքում նստում էի դահլիճում ու մտածում՝ վատ խաղալու դեպքում ավելի շատ աչքի կընկնեմ, իսկ եթե լավ ստացվի՝ միայն ու միայն կերպարին կտեսնեն: Կերպարից դուրս գալու դեպքում կարող էի գործն ավարտին չհասցնել, Ալբերտ Մկրտչյանն ասում էր. «Կիսատ չթողնես», հենց դա ստիպեց, որ սովորեմ այդ աստիճան մտնել կերպարի մեջ: Ինքս ինձ շատ եմ հղկում, ինչը ռեժիսորին էլ դուր է գալիս, որեւէ բան հանձնարարելու դեպքում միանգամից ստացվում է: Դա տարիների ընթացքում զգացական դաշտում հղկված ու անհատական գեղեցիկ աշխատանքի արդյունք է: Աշխատասիրությանս շնորհիվ թերությունս առավելություն եմ դարձրել:
Խոսք հանդիսատեսին. Շնորհակալություն, որ թատրոնի դերն այդքան արժեւորում են իրենց կյանքում։
-Հիմա պատասխանեք Ձեր ու խաղացած կերպարների փոխարեն: Ինչո՞ւմ է Ձեր ուժեղ կողմը:
Սանթոյան. Համբերության:
Սաբեթ («Ինկած բերդի իշխանուհին»). Համբերության:
Ցվետաեւա («Բոհեմ»). Դիմակայելու:
Մայրիկ («Տունը սահմանին»). Շատ բացասական կերպար է, քծնող, վախկոտ, ողորմելի: Ափսոսում են, որ մեռավ, բայց իր ժպիտով անընդհատ քծնում է, որ մի բուռ կերակուր լինի, ուտի։
-Ի՞նչն է Ձեզ երջանիկ դարձնում։
Սանթոյան. Իրական ու անկեղծ սերն ամեն ինչի մեջ։
Սաբեթ. Էլի սերը։
Ցվետաեւա. Արվեստը:
Մայրիկ. Նույնպես սերը, որովհետեւ ուզում էր իր երեխայի համար լավ լինի։
-Ինչի՞ մասին եք երազում։
Սանթոյան. Որ մարդիկ այսօրվա կյանքի մեջ չփչացնեն իրենց տեսակը։
Սաբեթ. Որ թշնամին լինի միայն արտաքին։
Ցվետաեւա. Գրել, գրել, գրել, սիրել, սիրել, սիրել: Գրել, սիրել...
Մայրիկ. Խաղաղության։
-Կյանքի տված ամենամեծ դասը։
Սանթոյան. Սխալները:
Սաբեթ. Սուտ լավատեսությունը:
Ցվետաեւա. Եսասիրությունը։
Մայրիկ. Վախկոտությունը:
Հարցազրույցը ՝ Հասմիկ Բաբայանի