Գյումրու դրամատիկականի «Թատրոնի մարդիկ» շարքում այս անգամ երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանն է, որի «Տունը սահման»-ին վերջերս «Տարվա լավագույն երիտասարդական» ներկայացում անվանակարգում «Արտավազդ» է ստացել:
Կիտրոնի հոտով թատրոնը. Առաջին անգամ Գյումրու թատրոնում եղել եմ 6 տարեկանում: Ամենաշատը տպավորվել եմ «Դուետ» փառատոնի ժամանակ՝ Նարինե Գրիգորյանը Գյումրիում խաղում էր «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը: Տեսարաններից մեկում խոսում էր կիտրոնի մասին ու դահլիճում կիտրոնի հոտ տարածվեց, շատ ազդեցիկ էր: Թատրոնում պայմանագրով աշխատել եմ 3-րդ կուրսից, իսկ հաստիքով ընդունվել՝ 2024 թվականից:
(Ո՞վ է) ռեժիսորը. Պրոֆեսիոնալ հանդիսատես է: Երեկ մտածում էի, թե ինչպե՞ս է թատրոնում առաջացել ռեժիսորի անհրաժեշտությունը: Միշտ դերասանները կատակով ասում են, որ առանց ռեժիսորի էլ կարող են հավաքվել եւ ինքնուրույն աշխատել, բայց ժամանակն ու պատմությունը ցույց են տվել, որ այդ ամենը միայնակ անել հնարավոր չէ: Միշտ կողքից սթափ ու ադեկվատ աչքի պակաս կա, որ հսկի եւ ճիշտ ազդակներ հաղորդի ողջ ստեղծագործական թիմին, որպեսզի միասին մեկ նվագախմբի պես հնչեն։
Ընտրությունը. Այս մասնագիտության գույներն ու հաճույքը զգացել եմ ինստիտուտի 3-րդ կուրսում։ Սովորում էի 4 ռեժիսորներից եւ 8 դերասաններից բաղկացած փորձարարական կուրսում՝ միաժամանակ խաղում ու բեմադրում էինք: Այնպես ստացվեց, որ աշխատանքի բերումով դասախոսական անձնակազմն երկար ժամանակով երկրում չէր եւ ինքնուրույն մնացինք՝ ինքներս էինք մեր գլխի տերը։ Այդ ինքնուրույնությունն ինձ վրա լավ անդրադարձավ եւ հասկացա, որ ուզում եմ թատրոնում այդ «կողքի աչքը» լինել։
Ստեղծման պրոցեսը. Ինձ համար ամենակարեւորը ներկայացման թեման է՝ այն պիտի հուզի, չեմ կարող պարզապես որեւէ առաջարկ ստանալ ու աշխատել դրա շուրջ։ Ասելիքը պետք է արդի խնդիրներից բխող լինի, ազդեցիկ եւ հուզող։ Ըստ այդմ էլ փորձում եմ գտնել ստեղծագործություններ, որոնց միջոցով այդ ամենը կարող եմ փոխանցել։ Ներսումս որեւէ բան պետք է եփվի, որ կարողանամ դիպչել պիեսին ու սկսել բեմադրական աշխատանքները: Հակառակ դեպքում՝ կլինի զուտ տեխնիկական աշխատանք եւ ոչ թե ստեղծագործական, ինչն այս գործում առաջնային է։
Գործերի փնտրտուքները. Դա ամենաբարդն է: Դեռ շատ երկար ճանապարհ չեմ անցել որպես ռեժիսոր ու քիչ ստեղծագործություններ հետ եմ առնչվել։ Նախադիպլոմայինս Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն էր, դիպլոմային աշխատանքս՝ Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս»-ը, իսկ թատրոնում առաջին բեմադրածս գործը Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին»-ն է: Երեքն էլ փոքր-ինչ աբսուրդայնություն են պարունակում, չեմ ասի՝ աբսուրդի թատրոնի հետեւորդն ու սիրահարն եմ, բայց այն ինձ հոգեհարազատ է: Նաեւ գործերի գեղարվեստականությունն ու գրական հենքն եմ կարեւորում, որի հետ փոխհարաբերությունները, ի տարբերություն պիեսի, ավելի ինտիմ են ստացվում, հեղինակին ու նրա տողատակերն ավելի լավ եմ հասկանում։ Իսկ պիեսում ամեն ինչ սահմանափակ է՝ հստակ դերակատարներ ու գործողություններ են, գրական գործում խորություններ ու նրբություններ կան, որոնք իմ առջեւ լայն մտահորիզոններ են բացում։
Հեղինակի հետ լեզու գտնելը. Այսօր շատ դրամատուրգներ թույլ չեն տալիս իրենց գործերում նույնիսկ մեկ ստորակետ կամ տառ փոխել։ Այդպես աշխատել չեմ կարող ու այդ մոտեցումն ընդհուպ սխալ եմ համարում։ Որովհետեւ ռեժիսորն ամեն գործ իր միջով է անցկացնում ու նաեւ իրենը դարձնում՝ թողնելով սեփական հետքն ու ձեռագիրը։ Սիրում եմ պիեսի մեջ անպայման ունենալ իմ փոփոխությունները, ավելի հզոր տեսարան չեմ գրում կամ շարունակություն ստեղծում, բայց պարտավոր եմ որոշակի բաներից հրաժարվել, որոնք հեղինակի համար կարեւոր են, բայց իմ ասելիքից դուրս են մնում։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում ներկայացումն ավելի ինտերակտիվ դարձնելու համար նոր կերպար ավելացնել։ Ինձ դուր է գալիս սինթեզել սեփական մտահաղացումներն ու հեղինակի ստեղծածը։
Մոտեցումը. Գործի մեջ ամենակրքոտ պահը դերասանի հետ աշխատանքն է, անչափ շատ եմ սիրում սեղանի շուրջ միասին ստեղծագործելը։ Այդ ընթացքում որպես ռեժիսոր ամեն դերասանի անհատապես ու առանձնահատուկ մոտեցում ես ցուցաբերում, անհրաժեշտ դեպքում՝ խաբում, որ շատ գոհ ես ու ամեն ինչ ճիշտ է անում՝ հետագայում էլ ավելի լավ արդյունք ունենալու համար: Պետք եղած ժամանակ անհրաժեշտ է փաղաքշել, սիրել, գոռալ կամ ինչու չէ շուրջն ամեն ինչ ավիրել, եթե դա արդյունք կտա: Շատ բարդ ու էներգատար է դերասանական մեծ խումբ ունենալ ու ամեն օր բոլորի հետ առանձին զրուցել, դրանից հետո էլ ի վիճակի չես լինում որեւէ բան անել։ Երբեմն կես վայրկյանանոց դադարը բացատրելիս քեզնից 3 օր ժամանակ է գնում: Բայց դա նաեւ փորձի պակասից է, ժամանակի ընթացքում տարբեր դերասանների հետ աշխատելով՝ նրանց մոտենալու, համոզելու, հույս տալու, հավատ ներշնչելու ավելի հետաքրքիր ճանապարհ կգտնեմ։
Դերասանների ընտրությունը. Շատ եմ սիրում նորամուծություններն ու փորձարկումները, երբ դերասանն առնչվում է իր հետ կապ չունեցող կերպարի հետ։ Այդ դեպքում դերասանների համար էլ ստեղծագործելը հետաքրքիր է դառնում, երբ վստահ չի լինում իր ուժերին ու խորթ թվացող կերպար է մարմնավորում։ Ստեղծագործելու ճանապարհը շատ ուրիշ է ստացվում, ռեժիսորն էլ միշտ կողքին է՝ խաբելով, համոզելով, սիրելով, գուրգուրելով հասցնում է վերջնակետին։
Բռնկվող լինելը. Մի փուլ է լինում, որ անդադար փորձում ես, բայց որեւէ տեսարանի լուծումը գտնել չի ստացվում, քեզ ոչինչ չի բավարարում ու գոհացնում։ Եւ այդ ժամանակ սկսում ես ինքդ քեզ հարցեր տալ՝ արդյո՞ք ճիշտ տեղում ես ու այս ամենն իսկապե՞ս քոնն է։ Պրեմիերայից առաջ լարվածությունը գագաթնակետին է հասնում, բոլորն են անհանգիստ ու ձգված։ Իսկ երբ այդ ընթացքում որեւէ բան դուրս է գալիս վերահսկողությունից՝ սպասարկող անձնակազմից ինչ-որ մեկը մոռանում է դնել կարեւոր ռեկվիզիտը կամ իմ սիրած տեսարանի ժամանակ երաժշտական մասի ապահովողը դուրս է գալիս ծխելու, արդեն պետք է դուրս գամ քո հունից, ու արմագեդոնն անխուսափելի է: Բայց գոռալը, վատ էմոցիաներն ու էներգիան դուր թողնելն արդյունք է տալիս եւ ստեղծագործական փուլերից մեկն է: Դրանից հետո ընդմիջում ենք անում, սուրճ խմում, միասին ծիծաղում, ու ամեն ինչ մոռացվում է։ Անգամ վաստակավոր ու ամենասիրված արտիստի հետ կարող ենք ստեղծագործական կոնֆլիկտ ունենալ՝ գոռալ իրար վրա, բորբոքել կրքերը, բայց դա մեծ արդյունք է տալիս։ «Տունը սահմանի»-ին բեմադրելիս երկու օրը մեկ նման բախումներ էին լինում, բայց լավ արդյունք ունեցանք, հետո դերասաններն էլ իրենց շնորհակալությունը հայտնեցին։ Նրանց դուրն էլ այդ ամենը եկել էր, կարեւորը՝ կյանքում մեզ չխանգարի ու ի շահ ներկայացման լինի։
Մրցանակները. Ոգեւորող ու պարտավորեցնող են։ «Տունը սահման»-ին «Տարվա լավագույն երիտասարդական» ներկայացում ճանաչվեց, այն պիտի ինձ մոտիվացնի մյուս տարի ավելիին ձգտելու։ Ոգեւորվում ես, որ պրոֆեսիոնալ մասնագետներն են գնահատում աշխատանքդ, բայց դրանով չի ամեն ինչ որոշվում, լրիվ այլ է հանդիսատեսի համակրանքը վայելելը։ Ավելի շատ կուզեի, որ այդ մրցանակը երիտասարդ ստեղծագործողների համար նոր ճանապարհ հարթեր, օգներ ֆորումների կամ ռեժիսորական լաբորատորիաների մասնակցել, որոնք մեր տարածաշրջանում անչափ շատ են լինում։ Տնեցիները մրցանակը ժամացույցի կողքին կախում են եւ դրանով ուրախանում, անձամբ ինձ համար արժեքն ուրիշ է՝ պիտի օգնի մեկ աստիճան վեր բարձրանալ։
Անելիքները. Նոր բեմադրություն անելու մեծ ցանկություն ունեմ եւ տարբեր գործեր եմ կարդում։ Մտքեր կան, որոնք դեռ իրատեսության եւ ժամանակի առումով դուրս են ու ավելի շատ հետագայում կլինեն։ Հիմա ուզում եմ արդիական թեմա գտնել՝ մեր ներսից եկող ու հոգուց բխող եւ այն բարձրացնել բեմ։
(Ո՞ւմ համար է) ստեղծագործում. Հանդիսատեսի ու մի քիչ էգոիստական կհնչի, բայց նաեւ հենց իմ։ Թեեւ մյուս կողմից, առանց մարդկանց ներկայացումն էլ ո՞ւմ է պետք։ Բայց հիմնականում ներքին փափագն ու ստեղծագործելու ծարավը հագեցնելու համար ենք ամեն ինչ անում։ Սա սեփական էգոն բավարարելու մասնագիտություն է:
Սիրելի փուլը. Երբ սցենոգրաֆիան պատրաստ է, ունեմ հստակ բեմական տարածք՝ գիտեմ աջ կողմում դուռն է, ձախում՝ պատուհանը, կենտրոնում սեղանը, դա ինձ օգնում է տեսնել հետոն ու ամեն ինչ հունի մեջ գցել։ Շատ եմ սիրում, երբ առաջին օրը պատրաստի վիճակում գտնվող բեմում դերասանները սկսում են հարմարվել։ Այս գործի ամենաֆանտաստիկ կողմն այն է, երբ առնչվում ես լավ հեղինակի, նկարչի, երաժշտության հետ, դու ընդամենը սինթեզ անողն ես ու միավորելով նրանց՝ ստացված ներկայացում ես ունենում: Դրա համար առանձնահատուկ տաղանդ պետք չէ, պարզապես պիտի ամեն ինչ սիրուն դասավորես:
Ամենատպավորիչ տեքստը. Դիպլոմային աշխատանքիցս («Գոդոյին սպասելիս») այս տողերն են տպավորվել.
«–Մենք կկախվենք վաղը: Եթե միայն Գոդոն չգա:
– Իսկ եթե նա գա՞:
– Մենք փրկված կլինենք»:
Ներկայացման ժամանակ. Միշտ անպայման նայում եմ ներկայացումը, դեռ ոչ մի անգամ այն բաց չեմ թողել, որովհետեւ համարում եմ՝ առանց ինձ որակապես կտուժի։ Ոչ թե դերասանները վատ կխաղան, այլ մանր-մունր դետալներ կան, որոնք երկար խաղալու դեպքում կարող են մոռացվել, եւ ներկայացումը մաշվածություն ձեռք կբերի: Ժամանակի ընթացքում կարեւոր ու նուրբ դետալներ կորչելու հատկություն ունեն։ Բացի այդ էլ՝ հնարավոր է որեւէ տեսարան ժամանակավրեպ լինի, եւ ներկայացումը կենդանի պահելու համար փոփոխություններ եմ անում, վերջերս այդպես եղել է: Հավերժ ապրեցնելու համար եմ անում։ Քանի ես կամ, ուզում եմ ինձ հետ ներկայացումներս էլ ապրեն ու շնչեն:
Էմոցիաները. Ներկայացումը բավական երկար ժամանակ չէինք խաղացել ու վերջին անգամ դիտելուց հետո էմոցիաներս շատ թարմ էին ու անչափ հուզվեցի։ Չնայած 20-ից ավել անգամ խաղացել ենք, բայց այնպիսի տպավորություն էր, որ առաջին անգամ եմ դիտում՝ նորից ազդեց ու այլ հարցեր առաջ բերեց:
Ցանկությունը. Դասական թատրոնի սիրահար եմ, բայց հայերս դասական գործերին անդրադառնալու առումով այնքան էլ տաղանդավոր չենք, դրա համար ուզում եմ փորձարկումների ավելի շատ գնանք։ Նաեւ ուզում եմ, որ երիտասարդներն ավելի շատ հետաքրքրված լինեն թատրոնով ու պատկառանքով վերաբերվեն։ Առողջ ու լավ մրցակցության պակաս կա, իրար ներկայացումները նայելու ու ոգեւորվելու բաց։ Այս ոլորտը շատ պաղ ու իներտ է, գործին կրքոտ չեն մոտենում: Քիչ են այնպիսի ներկայացումները, որ նայես ու դահլիճից չցանկանաս դուրս գալ, տեղում սառած մնաս։ Փոխարենն ընտրում են մեծ կրծքերով ու սարքած քթերով դերասանուհիների, մտածում միայն կյանքը ֆինանսապես վայելելու մասին։ Հենց այդ բոտոքսներն են մեզ հասցրել այն կետին, որ այսօր տարակուսանքների մեջ ենք՝ ունե՞նք, թե՞ չունենք լավ թատրոն: Մանավանդ ցավալի է, որ պետական թատրոններն ու երիտասարդ ստեղծագործողներն են գնում այդ ուղով։ Այդ ամենը տեղին ու ժամանակին չէ, մենք դրա կարիքն ու անհարժեշտությունը չունենք: Փոխարենն ունենք ավելի սթափ ասելիքով գործերի եւ ողջամտության ձայնը լսելու կարիք։ Մեր երկիրն այս վիճակից հանելու ու մեր խնդիրները հաղթահարելու համար պիտի լավ թատրոն ու արվեստ ստեղծենք, որը, ցավոք, Հայաստանում քիչ է:
(Ինչի՞ մասին է) Գյումրու թատրոնը. Ովքեր այստեղ թեկուզ կարճ ժամանակով են եկել ու աշխատել, նշում են՝ այն սիրո եւ համերաշխության մասին է: Այստեղ իրենց գործին անչափ սիրով են նվիրվում ու շատ համերաշխ ստեղծագործում։ Չեն նախանձում, որ իրենցից լավ խաղացին կամ բեմադրեցին, նման մտածելակերպով թատրոնը կործանման է գնում։ Տարիներ առաջ դրված ավանդույթի շարունակողն ու հետեւողն ենք, այստեղ բեմադրված ամեն աշխատանք նաեւ իմն ու բոլորինս է:
Ապագան. Թատրոնի առաքելությունն երկրի ներսում կատարած եմ համարում, ու մեծ ցանկություն ունեմ համագործակցությունը դրսի փառատոնների հետ շատ լինի, կարողանանք այդ բացն արագ լրացնել։ Դրսի հետ փոխհարաբերվելու կարիք ունենք, մեկնել փառատոնների, այստեղ էլ կազմակերպել, այդ ամենն իր արդյունքները կտա։ Ամեն անգամ որեւէ երկրից ոգեւորված ու մոտիվացված ենք վերադառնում, էլ ո՞ւր մնաց դրսում մի քանի լավ ներկայացում դիտենք: Անպայման կգանք ու կցանկանանք որեւէ լավ բան անել մեր թատրոնի համար։
Խոսքը հանդիսատեսին։ Միշտ նույն բանն եմ ասում, որ շատ քաջատեղյակ լինեն ու լայն աշխարհայացք ունենան։ Քաղքենի մտածողությունը թատրոնից դուրս գա, ամեն ինչին ճակատային եւ ուղիղ չնայեն, բեմում անդրավարտիքով մարդ տեսնելու դեպքում խուճապի չմատնվեն: Վերջ ի վերջո թատրոնում մենք իրականությունը չենք ցուցադրում, այլ մեր պատկերացրած տեսակետը: Ցանկանում եմ, որ թատրոնից ավելի գիտակ լինեն, բայց դրանում նաեւ մեր դերն է մեծ՝ պիտի հանդիսատեսի հետ համագործակցենք։
-Ինչո՞ւմ է Ձեր ուժը:
-Ապրված լինելու մեջ։
-Ի՞նչն է երջանիկ դարձնում:
-Առավոտյան լավ եղանակը:
-Ի՞նչն եք ամենաշատն ուզում:
-Խաղաղություն:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Խաղաղության:
-Ո՞րն է Ձեր գլխավոր թերությունը:
-Ինձ շատ հեշտ է հունից հանել:
-Կյանքի տված ամենամեծ դասը:
-Չվստահել անծանոթներին:
-Ինքներդ Ձեզ ի՞նչ կմաղթեք:
-Ավելի շատ աշխատասիրություն:
-Սեփական որակներից ո՞րը կավելացնեք ու կպակասեցնեք։
-Կպակասեցնեի քնկոտությունը, եթե գործ չեմ ունենում անելու, նույնիսկ ցերեկը ժամը 3-ին կարող եմ արթնանալ։ Այդ որակը շատ է խանգարում, բայց դրա դեմ որեւէ բան չեմ անում։ Իսկ կուզեի ավելացնել աշխատասիրությունս։
-Ինչո՞ւմ է կյանքի իմաստը:
-Ապրելու: