Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկականն իր նոր՝ «Թատրոնի մարդիկ», շարքում այս անգամ պատմելու է Հայաստանի վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանի մասին:
«Անբուժելի» հիվանդությունը. 5-6 տարեկանից սկսած ծնողներս ինձ տարել են ներկայացում նայելու: Բայց երբ 13 տարեկանում դիտեցի «Ինկած բերդի իշխանուհին», չեմ կարող բացատրել, թե հետս այդ ինչ կատարվեց: Պրեմիերայից սկսած նույն ներկայացումն այնքան եմ անդադար նայել, մինչեւ որ ուսանողական տարիներին ինքս եմ մասսայական տեսարանում զինվորի մարմնավորել։ Այդ օրը շրջադարձային էր ինձ համար ու փոխեց ամբողջ կյանքս, մինչ այդ ուզում էի իրավաբան դառնալ: Քիչ է ասել, որ ներկայացումը շատ ազդեցիկ էր, իհարկե, այդ ժամանակ Շանթին, նրա ասելիքն ու դրա խորքերը չգիտեի, բայց բեմում տեսած գեղագիտությունը, երաժշտությունը, դերասանների փոխհարաբերությունները եւ էմոցիաներն ենթագիտակցությանս վրա խորն ազդեցություն գործեցին: Հասկացա, որ բեմում կարող ես իրականություն դարձնել երազանքներդ եւ լինել այն, ինչ կցանկանաս, ու այդպես էլ եղավ: Իմ մեջ ներարկեցին քաղցր թույն եւ սկսեցի տառապել այս «անբուժելի» հիվանդությամբ:
Կատարելության ձգտումը. Տնանկից մինչեւ թագավոր, աղքատից՝ ամենահարուստ մարդը, քրիստոնյայից՝ սատանա մարմնավորել եմ, ֆանտաստիկ կերպարներ ունեցել, որոնք իրականում գոյություն ունենալ չեն կարող: Ուժերս փորձել եմ բոլոր ժանրերում՝ կատակերգությունից ողբերգություն, դրամայից՝ ֆարս: Դեռ չգիտեմ իմ պատկերացրած կատարելության ճանապարհի որ մասում եմ, բայց պետք է ձգտեմ ու ձեռք բերածով չբավարարվեմ: Մեկ խաղացած լավ դերը քիչ է, անդադար եմ ուզում կատարելագործվել ու զարգանալ:
Նպատակը. Առավել ճանաչել մարդուն, աշխատանքին ու թատրոնին առհասարակ մի քիչ այլ դիտանկյունով եմ մոտենում: 21-րդ դարում զարգացան տեխնիկան ու գիտությունը, պեղեցինք տիեզերքն ու ֆանտաստիկ արդյունքներ գրանցեցինք, բայց մինչեւ օրս չենք կարողացել բացահայտել մարդու հոգին։ Չգիտենք, թե ինչ է կատարվում նրա ներաշխարհում, այդ ի՞նչ է սրտից բարձրանում, լցվում աչքերն ու այնտեղից դատարկվում, կամ ի՞նչ է ծիծաղն իրենից ներկայացնում ու ո՞նց ծնվում մարդու մեջ: Մարդկային էության եւ բնավորության միլիոնավոր շերտեր կան: Մարդը բնության մի մասնիկ է՝ տիեզերքի կենտրոնում հայտնված մեկը, որի շուրջն է պտտվում ամեն ինչ: Ամեն անգամ ձգտում եմ հասկանալ նրան ու թե յուրաքանչյուր վիճակում ինչպիսին է նրա վերաբերմունքը: Ուզում եմ հասկանալ, թե ինչպես է դաժանությունը մաքրագործում մարդուն, հենց այդ ճանապարհն է ինձ համար հետաքրքիր: Քեսունի իշխանը բոլորի համար վատն է, բայց վերջապես նա էլ մարդ է, իսկ կենդանի արարածը չի կարող չար ծնվել, ժամանակի ու տարածության մեջ մի դեպք է տեղի ունենում, որն էլ նրան այդպիսին է դարձնում: Հենց դա եմ ուզում գտնել իմ աշխատանքի շնորհիվ:
(Ո՞վ է) դերասանը. Դժվար է ասել, որովհետեւ մեր օրերում տեսնում եմ դերասանների, որոնք ինչպես բեմում են, այնպես էլ՝ կյանքում: Ուզում են համոզել, որ շատ օրգանական են, այդ դեպքում ո՞րն է դերասանական արվեստի ֆենոմենը: Դերասանը հենց մարդկային հոգու պեղողն է՝ «հնէաբանը», որը պիտի թափանցի ներաշխարհը, ուսումնասիրի ներքին շերտերն ու այնտեղից դուրս բերի անհրաժեշտը: Նա պիտի հետաքրքիր դիտանկյուն ունենա ու կարողանա կերպարին կենդանություն տալ: Այն որ թատրոնը եկել ու հասել է 21-րդ դար՝ կենդանի լինելու շնորհիվ է, չենք կարող ռոբոտին բարձրացնել բեմ ու նույն զգացողությունները ստանալ: Քանի դեռ մարդն ուշադրություն է դարձնում երեւույթներին եւ վերաբերմունք ցուցաբերում, թատրոնը կլինի:
Պաշտպանությունը. Կարողանում եմ կերպարներիս դրական կողմերը պահել իմ ներսում, բացասականները՝ վանել: Իրավաբանության մեջ մի բան կա, որ սերտորեն կապված է դերասանի աշխատանքի հետ՝ պաշտպանությունը: Ես էլ իմ կերպարներին դատապարտելու փոխարեն պաշտպանում եմ: Ուզում եմ ցույց տալ, թե ինչն է բացասական անդրադառնում մարդու վրա ու չարացնում նրան, դարձնում հանցագործ, վատը եւ հասարակության համար ոչ պիտանի: Կերպարների ակունքներն եմ գտնում ու ցույց տալիս, թե ինչու են այդպիսին դարձել:
Դերասանը պետք է մեծ հոգեբան լինի ու լայն դիտանկյուն ունենա, միայն քթից այն կողմ չնայի ու անձնական փորձառությունից չելնի: Այսպիսի պատմություն կա՝ ուսուցիչը ցույց է տալիս թղթապանակի մի կողմն ու հարցնում, թե աշակերտներն ինչ գույն են տեսնում, բոլորը պատասխանում են. «Սեւ», մինչդեռ իր համար այն սպիտակ է, երբ շրջում է, մյուսներն էլ են տեսնում: Դերասանն էլ պիտի տարբեր կողմերից նայի կյանքին: Հենց մասնագիտությունից եմ սովորել երեխաներին դաստիարակելու սկզբունքը՝ ազատություն եմ տալիս, բայց հետեւում, թե այն ինչպես են ընկալում: Նույն կերպ էլ կերպարների հետ եմ վարվում, բայց երեկոյան մտածում՝ արդյոք այդ իրավիճակում արածս ճի՞շտ էր: Գիտակցությունը եւ ենթագիտակցությունը բեմում պիտի հավասար լինեն եւ մեկը մյուսին չգերազանցեն:
Արարման ընթացքը. Իմ հերոսներն օդից վերցված մարդիկ չեն կամ միայն իմ երեւակայության արդյունքը, նրանք իմ շրջապատից են կամ մինչ այդ բնության մեջ ապրած: Գուցե, անձամբ չեմ տեսել, բայց հանդիպել եմ իմ կարդացած գրքերում կամ ազդվել Սայմոնի թանգարանի կտավներից: Թվում է՝ դրանք կապ չունեն Քեսունի իշխանի հետ, բայց մնացել են ենթագիտակցությանս մեջ ու անհրաժեշտ պահին մի մասնիկ եմ վերցնում:Նախ պիեսը կարդալիս պատկերացնում եմ, թե իմ շրջապատից ով կարող է այդպիսին լինել եւ ում բնավորության գծերն ունի, ապա քիչ-քիչ կենդանություն եմ տալիս՝ այդ ամենն իմ ներաշխարհի միջով անցկացնելով ու իմը դարձնելով: Ուզում եմ այդ մարդը լինել, ոչ թե նրան խաղալ: Դժվար բան եմ ասում, ամբողջ ներկայացման քիչ հատվածներ կարող են այդպիսին լինել, բայց գոնե պետք է ջանալ:
Յուրահատուկ վերապրումը. «Արշիլ Գորկի» ներկայացումից առաջ նրան շատ եմ ուսումնասիրել, տարբեր գրականություն, նամակներ ու հուշեր կարդացել: Արդեն բավական երկար ժամանակ խաղացել էինք ներկայացումը, երբ Վանաձորում հյուրախաղերի ժամանակ մի բացառիկ բան պատահեց: Տեսարաններից մեկում քույրը Գորկուն ընթրիքի է կանչում, համբուրում է նրա ձեռքերն ու ասում. «Այս թաթիկներով ես պատրաստել ընթրիքը, անպայման կգամ»: Նոյեմբերն էր, ու երբ համբուրեցի քրոջը մարմնավորող Հասմիկ Սուվարյանի ձեռքերը, գիտակցությունս անջատվեց եւ ծիրանի հոտ առա, բարձրաձայնեցի. «Գիտես, Վարդուշ, ձեռքերիցդ մեր այգու ծիրանի հոտն է գալիս»: Նայեցի խաղընկերոջս, ասեք խելագարի հայացք ունենար ու աչքերից արցունքներ գնացին: Նա այնքան բնական զգաց այդ պահը, հենց դա է գերագույն հաճույքն ու դերասանի ֆենոմենը: Երբ միասին ստեղծագործում եք ու կտրվում իրականությունից, դա է իսկական թռիչքը:
Հավատը. Աստվածաշնչյան գրականությունից շատ եմ օգտվում ու այնտեղ «մանանեխի հատիկի չափ հավատ ունենալ»-ու մասին միտք կա: Դա նաեւ մեզ է վերաբերվում՝ դերասաններիս, պիտի հավատաս քո արածին: Երբ ուշադրություն ենք դարձնում ցեխով կոտլետներ սարքող ու տունտունիկ խաղացող երեխաներին, նկատում ենք, թե ինչ հավատով են այդ ամենն անում: Երեխաներից շատ բան պիտի սովորենք, ու այդ մանանեխի հատիկի չափ հավատը նաեւ գործի մեջ ունենանք: Եթե կարող եմ ձեռքս ինձ ենթարկեցնել ու դիպչել դեմքիս, ուրեմն՝ կարող եմ շատ բաներ անել նաեւ ներաշխարհիս հետ: Իհարկե, դա մեծ տառապանք ու աշխատանք է պահանջում, գուցե, շատերը չընկալեն էլ, բայց գիտեմ՝ կստացվի, ուղղակի ճանապարհ ունեմ անցնելու:
Բեմի ուժը. Փորձերի ընթացքը ու հատկապես սեղանի շուրջ աշխատանքը շատ եմ սիրում, երբ նոր-նոր է սաղմնավորվում կերպարը, հարաբերություններն ենք ճշտում, քիչ-քիչ սկսում ես մոտենալ նրան, հետո արդեն՝ մարմին տալիս: Այդ պահին ապրումների ու բացահայտումների մեջ ազատ ես: Եթե դերասան էլ չլինեի, միայն մեկ բանի համար կուզեի դառնալ՝ միակ տեղը բեմն է, որտեղ դու կատարյալ ազատ ես, նույնիսկ ցավն այնտեղ քեզ տնօրինել չի կարող: Կյանքի ոչ մի խնդիր ու աշխարհիկ կիրք քեզ չի կարող ստրկացնել: Միայն բեմում ես հասնում մտքի եւ հոգու լիակատար ազատության:
Մրցանակները. Ընդամենը խրախուսանք են, ինչից լավ ես զգում: Մարդ արարածը միշտ խրախուսանքի կարիք ունի՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտությամբ է զբաղվում, բայց դա նրան չպիտի կործանման տանի ու մեծամտացնի: Երբ 35 տարեկանում վաստակավոր արտիստի կոչում ստացա, շատ սովորական ընդունեցի, այդ պահին լավ զգացի, բայց հետո պատասխանատվությունս այնքան մեծացավ, որ մտածեցի՝ երանի չտային:Մրցանակները դրական եւ բացասական կողմեր ունեն, եւ ինտելեկտ ու մեծ իմաստնություն է պետք ունենալ դրանց դիմակայելու համար: Ամեն անգամ, երբ աղջիկս դպրոցից տուն է վերադառնում որեւէ լավ բան արած՝ իրեն անպայման գովում եմ, ոգեւորում, խրախուսում եւ պահանջում, որ հաջորդ անգամ ավելին անի: Նույնն էլ մեր պարագայում է, պետք է ողջախոհ լինենք՝ բեմ բարձրանալը գերագույն հաճույք է, բայց իջնելուց հետո հաջորդ օրը շարունակում ես ավելի մեծ ոգով աշխատել:
Սիրելի վայրը. Հիմնականում իմ հարդասենյակն է, բայց առավել հաճախ՝ բեմում եմ լինում: Մի օր «Փարիզը վտանգավոր քաղաք է» ներկայացման փորձի ժամանակ սմարթ ժամացույցով արձանագրեցի, որ 8 կմ քայլել եմ: Կյանքիս մեծագույն ժամանակն անցնում է թատրոնում: Անչափ գնահատում եմ ընտանիքիս սպասումը, գիտեմ սարսափելի բան է, բայց նրանք շատ համբերատար են: Մայրիկս միշտ ասում է. «Այդքան ժամանակ ի՞նչ եք անում»: Եթե բժիշկ լինեի, էլի այդչափ բացակայելու էի, որովհետեւ ձգտելու էի լավագույնը լինել: Եթե նրանք մարդու կյանքն են փրկում, մենք էլ նույնն անում ենք հոգու հետ:
Ազդեցությունը. «Արշիլ Գորկի» ներկայացումից հետո Ռուսաստանում բնակվող ու բիզնես ունեցող մի քանի հայրենակիցներ շնորհակալություն հայտնեցին ու խոստովանեցին, որ էլ Հայաստանը չեն լքելու: Ու տարիներ առաջ նրանք իսկապես բնակություն հաստատեցին այստեղ, արդեն բարեկամացել ենք: Իմ վարպետը՝ Ալբերտ Մկրտչյանն ասում էր. «Թեկուզ ներկայացումը 700 մարդ նայի, մեկ հոգու համար աշխատիր: Թեկուզ այդ մեկ հոգու ներաշխարհը մաքրագործվի եւ վերափոխվի, ուրեմն՝ հաղթել ես, բայց կարեւորը գործդ ազնվորեն անես»։
Էմոցիաները. Ուզած-չուզած՝ էմոցիաներից չես կարողանում քնել: Ընտանիքս արդեն գիտի, որ պրեմիերայի պատրաստվելիս ու դրանից 2 շաբաթ անց հետս պետք է զգույշ լինել: Շատ զգայուն եմ դառնում, որովհետեւ մեր գործն անընդհատ է եւ չի սահմանափակվում միայն թատրոնում, նույնիսկ գիշերը քո կերպարի աչքերով ես երազ տեսնում: Բեմում երբեք չեմ սիրում կրկնվել, նույն ժեստը կամ խոսելու ձեւը չեմ կարող մի կերպարից մյուսին փոխանցել, թեեւ շատ դժվար է, բայց հաճախ ջանում եմ նույնիսկ ձայնս եւ հայացքս տարբեր լինեն: Դրան հասնելու համար անընդհատ է պետք փորձել: Պրեմիերայից առաջ շատ լարված եմ ու բաց նյարդի պես եմ դառնում, դրա համար էլ ջանում եմ այդ ընթացքում մարդկանցից հեռու մնալ։
(Ինչի՞ մասին է) Գյումրու թատրոնը. Այն թատրոն ասվածից ավելի վեր է, այստեղ խտացված է ամբողջ Գյումրին իր մտածելակերպով, բնավորության կուռ տեսակով, հույզերով, ապրելու եւ արարելու ցանկությամբ: Գյումրեցիներն ունեն լավագույնը եւ առաջինը լինելու ցանկություն, ինչը բացասական երեւույթ չէ: Նրանք արարում են, ոչ թե ուրիշից վերցնում: 159 տարի առաջ ժողովուրդն ինքը որոշեց թատրոն ունենալ: Պրոֆեսիոնալներ չկային, եւ ցարական բանակի գնդապետ Ալեքսանդր Մելիք- Հայկազյանը տեղի ժողովրդի հետ նախաձեռնեց թատերախումբը: Առաջինը խաղացին Հակոբ Կարենյանի «Շուշանիկ» պատմական դրաման, ապա՝ Նիկոլայ Գոգոլի «Ռեւիզորը»: Երբ Ալեքսանդր I-ը եկել է Գյումրի ու ծանոթացել պայմանների հետ, ասել է. «Ձեր քաղաքի մեջ մի սխալ կա, այն պիտի անիվների վրա լիներ, որ աշխարհով մեկ օրինակ ծառայեր»:
Հանդիսատեսը. 20-րդ դարի սկզբի ազդագրերից պարզ է դառնում, որ ներկայացումները նույնիսկ ձմռանը սկսվել են երեկոյան ժամը 7-ին, 1912 թ. «Անուշ»-ը խաղացել են նույնիսկ ժամը 8-ին, ինչը նշանակում է փողոցներն այնքան կարգապահ վիճակում են եղել, իսկ ֆայտոնները լավ աշխատել, որ հանդիսատեսը կարողացել է հանգիստ տուն գնալ: Սա մշակութային մտածելակերպ ու ճաշակ ունեցող քաղաք է, եւ պատահական չէ, որ Կովկասում Թիֆլիսից հետո հենց Գյումրիում մշակույթը զարգացավ: Թատրոնն այսօր քաղաքի մշակութային զարկերակն ու բոլորին միավորողն է: Մեր հանդիսատեսն ունի անբռնազբոս բնավորություն, եթե որեւէ բան չի հավանում, չի ամաչում այդ մասին բարձրաձայնել: Ծափերի պիտի արժանանաս, հենց այնպես չեն հնչում: Գենետիկորեն այդ բարձրաճաշակությունը փոխանցվել է նաեւ մեզ ու հանդիսատեսի հետ փորձում ենք ազնիվ լինել: Ոչ բոլորն են ներկայացումը ինտելեկտով նայում, նաեւ զգացական են ընկալում, բայց պիտի կարողանանք բեմից կռանալ, բռնել մարդկանց ձեռքերը՝ նրանց վեր բարձրացնել ու ճաշակը զարգացնել։ Հատկապես վերջին տարիներին այդ հանգամանքն ակնառում է՝ մեր հասարակությունը բարձրանում է կենցաղից:
Ամենաազդեցիկ տեքստը. Շատ են եղել, բայց կառանձնացնեմ Գորկու խոսքերը. «Անջատիր աշխարհն աշխարհից ու տեղափոխիր քո ոգու տաճար»: Նշանակում է՝ ենթարկվել քո ներքին օրենքին ու ոգով անսահման կատարելության ձգտել:
Նոր խոսքը. Հնարավորություններիս սահմաններն ընդլայնել է վերջին ներկայացումը՝ «Ինկած բերդի իշխանուհին»: Առհասարակ քննադատաբար եմ վերաբերվում իմ խաղացած դերերին, «Հրաշագործ»-ից հետո Լյուդվիգ Հարությունյանին խնդրեցի ինձ 1 տարի դադար տալ ու նոր ներկայացման մեջ չներգրավել: «Հրաշագործ»-ով չէի կարողացել հանդիսատեսին զարմացնել, իսկ թատրոնը նաեւ զարմանք պիտի հարուցի: Իսկ «Ինկած բերդի իշխանուհու» մեջ նոր մոտեցում բերեցի, այդ մասին հաստատեցին նաեւ գործընկերներս, մասնագետներն ու այն մարդիկ, որոնց կարծիքն արժեւորում եմ: Այդ 1 տարին ինձ իսկապես պետք էր լցվելու ու նոր ասելիքով հանդես գալու համար: Երբեմն անհրաժեշտ է կանգնել, շունչ քաշել ու առաջ գնալ:
-Հիմա պատասխանեք Ձեր ու խաղացած կերպարների փոխարեն:
Ինչո՞ւմ է Ձեր ուժեղ կողմը:
Գաբոյան. Կամայականության մեջ։
Քեսունի իշխան («Ինկած բերդի իշխանուհին»). Նպատակասլացության։
Աքելլա («Մաուգլի»). Խոհեմության:
«Արշիլ Գորկի». Հույզի:
-Ի ՞նչն է երջանիկ դարձնում։
Գաբոյան. Հասկացված լինելը:
Քեսունի իշխան. Տիրելը:
Աքելլա. Համախմբելը:
Արշիլ Գորկի. Հայրենիքը:
-Ինչի՞ մասին եք երազում։
Գաբոյան. Խաղաղ ապրելու:
Քեսունի իշխան. Հզոր լինելու:
Աքելլա. Միաբանության:
Արշիլ Գորկի. Հայրենիքի:
-Կյանքի տված ամենամեծ դասը:
Գաբոյան. Մենակ հաղթահարել ամեն բան:
Քեսունի Իշխան. Նպատակն արդարացնում է միջոցները:
Աքելլա. Օրենքով շարժվելը:
Արշիլ Գորկի. Դաժան մանկությունը:
Հարցազրույցը ՝ Հասմիկ Բաբայանի