Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկականի «Թատրոնի մարդիկ» շարքում այս անգամ դերասան Արկադի Ղարագուլյանն է:
Առաջին քայլերը. Երբ ինստիտուտն ավարտեցի, թատրոնի տնօրենն Էդիկ Պողոսյանն էր, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ Անդրանիկ Կամջյանը: Ինձ կանչեցին ու 6 ամիս փորձաշրջանով ընդունեցին թատրոն: Առաջին դերս «Հեղնար աղբյուր» ներկայացման մեջ էր՝ Խելառ Սարգիսն էի։ Ուսանողական տարիներից միշտ մասսայական տեսարաններում խաղում էինք, թատրոնի անձնակազմն եւ դերասաններն անծանոթ չէին, որպես նոր աշխատող էլ ինձ լավ ընդունեցին: Առաջին դերը շատ պատասխանատու էր, բայց բոլորն էլ ասում էին՝ լավ եմ խաղացել: Ես էլ համարում եմ, որ կերպարս ստացված էր, նրան շատ էի սիրում:
Մասնագիտական աճն ու վախերը. Աճն աստիճանաբար է եղել, չգիտեմ էլ բարդույթ է, թե աշխատանքային վիճակ, բայց ամեն անգամ դեր ստանալիս սարսափելի զգացողություն ու վախ եմ ունենում: Միշտ այդ ապրումները հաղթահարելու խնդիր է առաջանում, քանի որ կերպարները միշտ տարբեր մարդիկ են ու անընդհատ աշխատում եմ նրանց ստանալու համար:
Ստեղծագործական ընթացքում վախն աստիճանաբար հաղթահարում եմ ու նոր մարդու կառուցում: Աշխատանքը միանգամից չի ստացվում, փուլ առ փուլ եմ մոտենում վերջնական արդյունքին: Ասեք վերցնենք պլաստիլինն ու մարդ ձեւավորենք, ապա նրա վրա ավելացնենք աչքեր, ականջներ, մազեր, շորեր հագցնենք, շարժումներ ու զգացողություններ տանք: Այդպես հավաքում եմ ամբողջական տեսքն այնքան, որ շոշափելի դառնա ու խաղալիս հարմարավետ զգամ ինձ։
Տարբերվող կերպարները. Միանշանակ չեմ կարող ասել, որ բոլոր կերպարներս ստացվել են կամ նույն կերպ են եղել: Խելառ Սարգիսը յուրահատուկ էր ու առանձնացող, նրան մարմնավորելուց առաջ անընդհատ մտորումների ու տանջանքների մեջ էի, ոնց ներկայացնեմ, որպեսզի սովորական ու մեր պատկերացրած խելառը չլինի։ Այդ ընթացքում տարբեր խելառների էի ուսումնասիրում, գործընկերներս կատակով ասում էին. «Քաղաքի բոլոր խելառներին արդեն լավ ճանաչում ես»։ Ամեն մեկից յուրահատուկ մի բան եմ վերցրել, բայց այդ ամենը ամբողջացնելն ու հենց Սարգսին հատուկ կողմերն ընտրելն էր բարդ: Մյուս տարբերվող կերպարս «Հերակլեսի չիրագործված սխրանք»-ում կիսաստվածն էր, որն իր մտածելակերպով տարբերվում էր մարդուց: «Խաթաբալա»-ում Իսայի էի, «Ինկած բերդի իշխանուհու» մեջ՝ Քեսունի իշխան, նա եւս սովորական չի մտածում, ամեն մարդ չէ, որ հանուն գաղափարի ու հայրենիքի պատրաստ է սպանել իր երեխային։ Հրաչյա Ղազարյանի բեմադրած Սարոյանի «Խենթացած մի գնա»-ում լրիվ այլ էր կերպարի ստեղծումը: Լմփոշն էի ու նրա մատուցման տեսանկյունից ռեժիսորի հետ անհամաձայնություն կար, Գասպարյանի պահանջածը չէի հասկանում, բայց նա ինձ բերեց ու հասցրեց ճիշտ մակարդակին, որ վերջապես հասկանամ՝ այդ մարդը կարող է նման կերպ մտածել:
Տալ-վերցնելը. Կերպարներիս համ տալիս եմ, համ էլ՝ նրանցից վերցնում: Նրանց տալիս եմ իմ հոգին, սիրտն ու կյանքը, որպեսզի ավելի շոշափելի լինեն ու սուտ չստացվեն: Ուզում եմ իմ միջոցով ցույց տալ մեկ այլ մարդու: Իսկ վերցնում եմ ամենալավ որակները, որոնք կյանքում ինձ կարող են պետք գալ, օրինակ՝ ազնվություն, հայրենասիրություն, թեեւ վերջերս այնքան են այդ մասին խոսել, որ բարդույթ է առաջացել: Շատ կարեւոր է հայրենիքի ու ընկերների հանդեպ պատասխանատվություն ունենալ: Կերպարներս այդ առումով օգնում են հասունացնել սիրտս ու հոգիս:
(Ո՞վ է) դերասանը. Նա առաջնահերթ ու ամենակարեւորը մարդ է: Երբ սովորաբար տարբեր առիթների ժամանակ՝ ուրախ, թե տխուր, հայտնվում եմ սովորական մարդկանց շրջապատում, նրանցից այնքան բան եմ սովորում ու վերցնում: Նույնն էլ փողոցում կամ շուկայում է, որտեղ մարդիկ այնքան անկեղծ են շփման, շարժուձեւի եւ մտածելակերպի առումով: Այդ ամենը ենթագիտակցությանս մեջ հավաքում եմ ու անհրաժեշտ պահին մտքիս պահարանից հանում: Դերասանը պարտավոր է իրեն հանդիպած մարդկանցից անհրաժեշտ որակներ հավաքագրել, դրա համար նախ եւ առաջ աչք է անհրաժեշտ ունենալ: Դերասանի համար ամենակարեւոր տեղեկությունները հենց իր շրջապատում են լինում, թեեւ գրքերն էլ շատ են օգնում ու հարստացնում:
Այդ ամենն անցկացնում ես քո միջով ու ծառայեցնում նոր կերպար ստեղծելուն: Ամեն անգամ նրանք քո միջոցով են արտահայտվում, ու եթե կարողանում ես
մարդկանց հավատացնել, որ բեմում ոչ թե դու ես, այլ ուրիշ մարդ, արդեն հաղթանակ է: Ամենասարսափելին այն է, երբ հենց քեզ են տեսնում, ոչ թե կերպարիդ:
Օրինակները. «Տունը սահմանին» ներկայացման մեջ փնտրտուքների մեջ էի, թե ինչպես եմ մարմանվորելու դիվանագետի կերպարն ու աչքիս առաջ եկավ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը՝ իր սառը դեմքով, անիմաստ ու ոչինչ չասող ժպիտով։ Հենց նրան էլ կերպարիս բնօրինակը դարձրի, անգամ մազերս իր պես մի քիչ գզգզված են, կամաց-կամաց ուսումնասիրեցի ժեստերն ու ժպիտը եւ կիրառեցի:
Ցանկացած հերոսի, անգամ նրա պես բացասականին, հենց սկզբից փորձում եմ արդարացնել, որպեսզի կարողանամ խաղալ: Ամեն մարդ, ինչ սխալ էլ անի, իր արդարացումն ունի։ Քաղաքականության մեջ նրանք որոշակի պարտականություններ ունեն ու ժամանակի ընթացքում են այդպիսին դառնում: Հետաքրքիրն այն է, որ բոլորն էլ ժպիտը դեմքին են հայտնվում եւ հանգամանքների բերումով վերածվում անհասկանալի մարդկանց։ Չեմ մեղադրում կամ էլ արդարացնում, բայց միայն այդ մտքից, թե ինչպես է հնարավոր մարդկանց դժբախտության վրա որեւէ բան կառուցել, սարսռում եմ: Որքան էլ կերպարս բացասական ու վատը լինի, խաղալիս պիտի հաճույք ստանամ: Որքան նրան փորձեմ նեղել ու խանգարեմ չարությունն արտահայտել, այնքան վատ կստացվի: Ներկայացման ընթացում ես դիվանագետ եմ ու պետք է նրա պես մտածեմ, այլ բան է, թե ավարտից հետո նրան ինչպես կվերաբերվեմ:
Բեմի մոգական ուժը. Որեւէ մեկը չի կարող բացատրել, թե ինչ կա այնտեղ, որ հենց ոտք ես դնում, ամեն ինչ կորչում է: Երեւի, ենթագիտակցության մեջ մի կետ կա, որ անջատում է ամեն ինչ՝ ցավը, մտահոգությունները, խնդիրները, միանգամից կտրվում ես աշխարհից։ Անբացատրելի երեւույթ է, անհնար է հասկանալ կամ պարզել, թե ոնց է լինում: Որքան էլ խելացի մտքեր ասեմ, միեւնույն է իրական բացատրությունը տալ չեմ կարող:
Չերեւացող ու սիրելի կողմը. Կուլիսային անցուդարձն է, երբ հավաքում ես ամիսների կատարած աշխատանքը, պատրաստ ես հոգով ու մարմնով, հաճույք եւ թրթիռ ես զգում, քանի որ հասել ես ինչ-որ կետի։ Ներքին զգացողություն ունես, որ արդեն կարող ես այդ ամենը կիսել հանդիսատեսի հետ ու հանձնել նրա դատին: Օվկիանոս մտնելու պես մի բան է, եւ այդ ամենից լիովին հաճույք ես ստանում:
Սիրելի տեղը. Բեմն է, որովհետեւ այնտեղ ես սիրում, մեռնում, հանգստանում, ապրում։ Բեմում հանգստություն եմ ձեռք բերում, ամեն ինչից ու աշխարհից կտրվում, այդ մի քանի ժամվա ընթացքում երջանկանանում, ինչը կյանքում, ցավոք, միշտ չէ որ լինում է: Երջանկությունն էլ, ցավն էլ վայրկյաններ են, եթե դրանք հարատեւ լինեն, կխելագարվենք։ Պատկերացնում եք՝ մարդ 1,5-2 ժամ ցավ ունենա, երջանկությունն էլ է կարճ տեւում, պարզապես հետագայում այդ թրթիռներով ապրում ենք:
Հույզերը. Բոլոր պրեմիերաներից առաջ զգացողություն ունեմ, որ ուշանում եմ, շորս չեմ հասցնում հագնել, ժամերը չեն բավականացնում, հաշվարկներում սխալվում եմ եւ ներկայացումն առանց ինձ է սկսվում: Ներկայացումից առաջ նման մղձավանջներ եմ ունենում, խառնվում ու կորցնում ինձ: Բայց դրա լուծումը գտել եմ՝ մոտ 2 ժամ առաջ եմ գալիս, պիտի տեսնեմ պատրաստի դրվածս շորս ու կոշիկներս, զգամ հարդասենյակի մթնոլորտը, որպեսզի այդ ամենն ինձ սթափեցնի, շտապողականությունը վերանա եւ հասկանամ՝ երազից դուրս եմ եկել եւ իրականությունը սա է: Երբեմն գործընկերներս կատակում են, որ յոթնուկ եմ ծնվել, բայց այդ ամենն արդեն բնավորության գիծ է դարձել: Ամեն ինչն էլ կարող է ազդել ինձ վրա, դրա համար պիտի գիտակցեմ, որ որեւէ խանգարող հանգամանք չկա:
(Ինչի՞ մասին է) Գյումրու թատրոնը. Ինքս էլ թատրոնի մարդ եմ ու կասեմ, որ այն ամեն ինչի մասին է՝ հայրենիքի, ընտանիքի, սիրո, գոյատեւման։ Պատկերացնո՞ւմ եք թատրոնն ու մեր կյանքին նայող այդ կողքի աչքը չլինի: Թատրոնը կենսական ուժ է, ու առանց նրա կյանք լինել էլ չի կարող: Գյումրու թատրոնն արդեն չգիտեմ էլ առաջին, թե երկրորդ տուն է ինձ համար, այստեղ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, ավելի շատ գործընկերներիս հետ եմ շփվում, քան հարազատներիս։
Ձեռքբերումները. Իմ խաղի լավն ու վատը միշտ զգում եմ, գիտեմ, թե երբ են հաճոյանում կամ ասում ճշմարտությունը, ինձ խաբելն այնքան էլ հեշտ չէ: Փորձում եմ հաջողություններս շատ զուսպ տանել, գոհանալ հոգեկան բավարարվածությամբ եւ հանգստությամբ: Հաջողությունների մեծ քայլերով չեմ հասել, աստիճանաբար եմ ավելացրել ու անգամ փոքր դերի շնորհիվ հասել այս մակարդակին: Յուրաքանչյուր կերպար ինձ որոշակի դաստիարակություն, խելք ու նպատակ է տվել։
Ազդեցիկ տեքստը. «Ինչի՞ մեջ է երջանկությունը»,- «Հերակլեսի չիրագործված սխրանքներ»-ում ասում է կերպարս։
Խոսքը հանդիսատեսին. Թող հաճախեն թատրոն, լինեն մշակույթի եւ արվեստի կողքին, քանի որ ամեն լավ դրանք են տալիս մարդկանց:
-Պատասխանեք Ձեր ու խաղացած կերպարների փոխարեն: Ինչո՞ւմ է Ձեր ուժեղ կողմը:
-Ղարագուլյան. Մտքի ու զսպվածության:
-Քեսունի Իշխան («Ինկած բերդի իշխանուհին»). Իր գաղափարի ու առաջ շարժվելու:
-Բալու («Մաուգլի»). Արդարության:
-Դիվանագետ («Տունը սահմանին»). Կեղծ ժպիտի:
-Ի՞նչն է երջանիկ դարձնում։
Ղարագուլյան. Յուրաքանչյուր լավ բան:
Քեսունի Իշխան. Իր գաղափարն իրականացումը:
Բալու. Ջունգլիների ու մարդկանց ներդաշնակությունը:
Դիվանագետ. Իր առջեւ դրված նպատակի իրագործումը:
-Ինչի՞ մասին եք երազում։
Ղարագուլյան. Խաղաղության, բայց ոչ նմանատիպ, այլ իրական խաղաղության, որը պարտադրում են, ոչ թե մուրում:
Քեսունի Իշխան. Հզոր Հայաստանի:
Բալու. Ներդաշնակության։
Դիվանագետ. Կեղտոտ առաքելության։
-Կյանքի տված ամենամեծ դասը։
Ղարագուլյան. Իմ մենակությունը։ 17-25 տարեկանը միայնակ եմ ապրել, շուտով աղջիկս էլ 17 տարեկան կլինի, նայում եմ նրան ու չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է միայնակ լինել: Ընտանիքս Ջավախքում էր, թեեւ կամ ծնողներս էին ինձ հյուր գալիս, կամ ես էի գնում, բայց ինքնուրույն էի մեծանում, հարթում իմ ուղին ու առաջ գնում։
Քեսունի Իշխան. Իր գաղափարները իրականացնելու ընթացքում կատարվելիք իրավիճակները։
Բալու. Ազատ ապրելը։
Դիվանագետ. Նման մարդկանց մեջ լավ բան չեմ տեսնում, նրանք դասերը միայն իրենց օգտին են քաղում։
Հարցազրույցը ՝ Հասմիկ Բաբայանի